Metro AG-ն հայկական գյուղմթերքը դուրս կբերի ՌԴ շուկա

25.10.2016 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մանրամեծածախ առեւտրով զբաղվող Metro AG ընկերությունը տպավորված է հայաստանյան գյուղմթերքով եւ ցանկություն ունի այն վաճառել իր ռուսաստանյան ցանցում:

Այս մասին այսօր ասել է ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորեւը:

Նա տեղեկացրել է, որ նախօրեին այցելել են ավելի քան 15 ընկերություններ տարբեր մարզերից եւ ոլորտներից, տեղում ծանոթացել նրանց արտադրանքին:

«Այն, ինչ տեսանք այցի ժամանակ, բավական հետաքրքիր էր: Հայաստանում իսկապես արտադրվում է որակյալ մթերք, այդ թվում` ձուկ, կաթնամթերք, պտուղ-բանջարեղեն, խմիչք: Որոշ ապրանքատեսակների գծով արդեն իսկ համագործակցում ենք հայ մատակարարների հետ եւ կարծում ենք, որ այս կապերն ունեն ընդլայնվելու մեծ ներուժ»,- ասել է Ալեքսեյ Գրիգորեւը:

Նրա խոսքով` ընկերությունն աշխատում է ինչպես միջազգային ճանաչում ունեցող խոշոր մատակարարների, այնպես էլ փոքր ձեռնարկությունների հետ: Վերջերս էլ սկսել են աշխատել գյուղմթերք արտադրող փոքր տնտեսությունների հետ, որոնցից ձեռք բերած արտադրանքն ընկերությունն ինքն է բերում առեւտրային տեսքի` իրականացնելով փաթեթավորում, մակնշում, սերտիֆիկացում եւ այլն:

Metro AG-ի ներկայացուցիչը նշել է, որ հայկական ապրանքները, համապատասխանելով ԵԱՏՄ տեխնիկական պահանջներին, լիովին մրցունակ են: Այլ բան է, որ պետք է պատրաստ լինել սուր մրցակցության:

«Ռուսաստանյան շուկան զարգանում է տարբեր ուղղություններով: Պարենային շուկայում առաջարկն անընդհատ աճում է, այն դեպքում, երբ կրճատվում են շուկայի ծավալները (անցյալ տարի կրճատվել է 10%-ով): Հայ արտադրողները պետք է լուրջ պայքարի մեջ մտնեն, եւ հուսով եմ, որ պատվով դուրս կգան»,- ընդգծել է նա:

Ալեքսեյ Գրիգորեւը դժվարացել է համագործակցության հստակ ժամկետներ նշել, քանի որ դա մեծապես կախված է «առեւտրային որոշումների ընդունումից, լոգիստիկայի կարգավորումից, ինչպես նաեւ այն հանգամանքից, թե որքանով են հայ արտադրողներն այսօր պատրաստ համագործակցության»:

Ռուսաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանն էլ նշել է, որ ընկերության ՌԴ պատվիրակությունը բավական տպավորված է հայկական մթերքներից, եւ «նրանց համար անսպասելի էր, որ այստեղ արտադրվում է նման որակյալ արտադրանք»:

«Մենք դեռեւս չունենք գյուղմթերքի արտադրության մեծ ծավալներ, սակայն  հնարավորություն կա այն զարգացնելու: Metro AG ընկերությունը պատրաստ է աշխատել մեր արտադրողի հետ այս ռեժիմով: Հուսով եմ, որ այցի ընթացքում ձեռք կբերվեն համաձայնություններ, որոնք լուրջ խթան կլինեն ՀՀ արտադրության եւ արտահանման զարգացման համար»,- ընդգծել է նա:

Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել Metro AG-ի կողմից արտադրություններ կատարված այցի ուղղությունները` նա նշել է, որ ընկերությունների ցանկն իրենց տրամադրել է գյուղնախարարությունը. դրանք այն ձեռնարկություններն են, որոնք հնարավորություն ունեն ապահովել արտադրանքի պահանջվող ծավալները:

Ինչ վերաբերում է փոքր մասշտաբի գյուղարտադրողներին, ապա կառավարությունն այս պահին մշակում է ծրագիր, որը թույլ կտա նրանց արտադրանքը միավորել մեկ բրենդի ներքո` խոշորացնելով այդ ծավալները: Metro AG-ն հետարքրքված է այս ծրագրի շրջանակում համագործակցությամբ:

Գերմանական Metro AG ընկերությունների խումբը տնօրինում է Եվրոպայում մեծությամբ երրորդ, իսկ աշխարհում՝ չորրորդ առեւտրային ցանցը:

Դիտում՝ 10282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai