Երեւան, 12 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական BSC ընկերությունը միացել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ՄԱԿ-ի կողմից իրականացվող “Գլոբալ Պայմանագիր” /Global Compact/ միջազգային նախաձեռնությանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում BSC-ի գործադիր տնօրեն Սամվել Գեւորգյանն ասաց, որ անդամակցելով այս նախաձեռնությանը, ընկերությունը ընդլայնում է իր հնարավորությունները` խթանելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքները Հայաստանում: Գլոբալ Պայմանագիրը խթանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը` մասնավոր ընկերություններին մասնակից դարձնելով գլոբալացման մարտահրավերների լուծումներին: Մասնավոր հատվածը սոցիալական ոլորտի այլ դերակատարների հետ մեկտեղ կարող է իր լուման ներդնել ավելի կայուն և համաչափորեն զարգացող տնտեսության կայացման գործում: BSC ընկերությունը ծավալում է իր իր գործունեությունը մարդկային ռեսուրսների և առաջնորդման ունակությունների ռազմավարության, բիզնեսի եւ համայնքների տարածաշրջանային և ոլորտային զարգացման, ինչպես նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում` մատուցելով խորհրդատվական, հետազոտական, ուսումնական և ծրագրերի գնահատման ծառայություններ: Ինչպես նշել է Սամվել Գեւորգյանը, ընկերությունը իր ազդեցության շրջանակներում շարունակելու է օժանդակել և իրականացնել հիմնական արժեքները` շեշտը դնելով այն ծրագրերին, որոնք նպաստում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանը տարբեր բնագավառներում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8739