ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է վերացնել օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրման պահանջը:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ որոշումը կգործի մինչ 2018թ. հունվարի 1-ը, որից հետո կներդրվի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգ, եւ կապահովվեն աշխատանքի թույլտվության տրամադրման «մեկ պատուհանի սկզբունք»-ի կիրառման իրավական հիմքերը:«Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման երկամսյա փորձը վկայում է, որ հիմնականում գործատուները աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում ներկայացնում են նեղ մասնագիտական եւ աշխատանքային փորձի պահանջներ, օրինակ՝ այլ երկրներից բերված եւ նախկինում ՀՀ-ում չշահագործված սարքավորումները շահագործող մասնագետներ, այլ երկրների ճաշատեսակներ կամ հրուշակեղեն պատրաստող բարձրակարգ եւ փորձառու խոհարարներ եւ այլն: Առանց աշխատանքի թույլտվության պահանջի կիրառման՝ օտարերկրացիների ներգրավումը ներքին աշխատաշուկայում էական ազդեցություն չի ունեցել, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի տեսանկյունից»,-ասել է Արտեմ Ասատրյանը:Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թիվը 5179 է, որոնք հիմնականում ներգրավված են կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիների, կապի, առեւտրի, առողջապահության ոլորտներում եւ իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն, ընդ որում՝ նրանց մեծ մասն ազգությամբ հայ է:Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. հունիսի 4-ից ուժի մեջ մտած որոշմամբ սահմանվել էր ընթացակարգ, որով գործատուները պետք է առաջնորդվեին օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունման դեպքում եւ ստանային համապատասխան թույլտվություն: Tweet Դիտում՝ 4416