2016թ. առաջին կիսամյակում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հավաքագրել է ավելի քան 511,3 մլրդ դրամ հարկ, ինչը 2,2%-ով կամ 11 մլրդ դրամով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ կառավարության սահմանած ցուցանիշի կատարողականն առաջին կիսամյակում կազմել է 98%` 2015թ. առաջին կիսամյակի 96%-ի փոխարեն:Մուտքերի 76,8%-ն ապահովել են հարկային մարմինները, իսկ 23,2%-ը` մաքսային մարմինները: Հատկանշական է, որ վերջիններիս կողմից վերահսկվող եկամուտները նվազել են 15,9%-ով:Արմեն Ալավերդյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ ցուցանիշի անկումը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով:«Անցյալ տարվա համեմատ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը հունվար-հունիսին նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4,5 մլրդ դրամով: Միեւնույն ժամանակ, ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3,3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք»,- փաստել է նա:Հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմինների կողմից ապահովվել է 33,2 մլրդ դրամով կամ 9,2%-ով ավելի շատ եկամուտ: Tweet Դիտում՝ 3065