ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Սանկտ Պետերբուրգում ասել է, որ հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ամբողջ ներուժը: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում, ձեւավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարեւորել է տարածաշրջանների միջեւ ուղիղ կապերի հաստատումը եւ այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական ապակենտրոնացված հարաբերությունների դերը: Ռուսական կողմից նիստը գլխավորող՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը եւս նշել է, որ հայ-ռուսական առեւտրատնտեսական փոխգործակցությունը զարգանում է, գնալով ավելանում է առեւտրաշրջանառությունը, ինչին նպաստել է նաեւ երկու երկրների՝ միեւույն տնտեսական գոտում լինելու հանգամանքը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, տարեցտարի ավելանում են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլն: Հաջողությամբ իրականացվում են նաեւ Ռուսատանի եւ Հայաստանի միջեւ մինչեւ 2020թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները: Tweet Դիտում՝ 3106