Հայկական ապրանքները ՌԴ-ում պահանջված են, ասել է ռուս գործարարը

21.06.2016 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսական X5 Retail Group ընկերության՝ պետական մարմինների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Ստանիսլավ Նաումովն այսօր ասել է, որ հայկական ապրանքները Ռուսաստանում պահանջված են:

Այս մասին Ստանիսլավ Նաումովն ասել է Երեւանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախաձեռնած քննարկմանը՝ ռուսական խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանող գործարարների մասնակցությամբ:

Ռուս գործարարի խոսքով՝ վերջին շրջանում՝ մասնավորապես ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների հետ կապված, մեծ պահանջարկ են սկսել վայելել հայկական միրգն ու բանջարեղենը:

Ըստ Ստանիսլավ Նաումովի՝ ռուսական շուկայում մեծ հեղինակություն ունեն նաեւ հայկական կոնյակն ու իշխանը, որոնց ձեռքբերման ծավալներն իրենք պատրաստ են ավելացնել:

Մյուս կողմից, X5 Retail Group ընկերության տնօրենն ընդգծել է, որ շուկաներն այսօր գլոբալ են, եւ Ռուսաստանում առկա են հայկական բոլոր ապրանքների փոխարինողները եվրոպական եւ ասիական տարբեր երկրներից, հետեւաբար՝ շատ կարեւոր է, որ հայ արտահանողներն ուշադրություն դարձնեն ապրանքների գին/որակ հարաբերակցությանը:

«Շուկայական տնտեսության 25 տարիների ընթացում ռուսաստանցի սպառողը սովորել է բազմազանությանն ու ընտրելու հնարավորությանը, ուստի մենք պարտավոր ենք որակի նկատմամբ մեր պահանջները ներկայացնել մատակարարներին»,- նշել է գործարարը:

Ստանիսլավ Նաումովի կարծիքով՝ Հայաստանից միրգ-բանջարեղեն արտահանողների հիմնական խնդիրները Ռուսաստանում պայմանավորված են արտահանման սեզոնային բնույթով, քանի որ «ռուսաստանցի սպառողը սովոր է կլոր տարին թարմ միրգ եւ բանջարեղեն գնել»:

Ռուս գործարարը հավելել է, որ հայ մատակարարների հաջորդ խոչընդոտը կապված է փոքր ծավալների հետ. մանրածախ առեւտրի կետերը չեն կարող աշխատել բազմաթիվ մանր մատակարարների հետ:

«Որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծվի միասնական սպառողական շուկա, շատ կարեւոր է միանման խաղի կանոնների սահմանումը: Այս պահին օրենսդրական դաշտում առկա են տարբերություններ, որոնք ապրանքների փոխադարձ մատակարարումը դարձնում են ռիսկային»,- ընդգծել է X5 Retail Group-ի տնօրենը:

Հիշեցնենք, որ այս հարցերի շուրջ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ավելի վաղ առանձին քննարկում էր ունեցել X5 Retail Group-ի հետ:

Դիտում՝ 2847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW