ԵՊՀ պատմության թանգարանում այսօր ներկայացվել է Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալը:Պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան, ձեռնարկությունների հետ համագործակցության ֆակուլտետային խորհուրդների կազմը, իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ հայտարարություններ՝ պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ:Հարթակի միջոցով հանրությանը հասանելի կլինի նաեւ ԵՊՀ-ձեռնարկություններ փոխգործակցության գործընթացի վերաբերյալ առցանց հաշվետվությունը:ԵՊՀ Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը Banks.am-ին ասել է, որ ԵՊՀ-ն նման պորտալ ունեցող առաջին բուհն է հանրապետությունում: «Պորտալում լինելու է տեղեկատվություն սեմինարների, պրակտիկաների, թափուր հաստիքների մասին: Նաեւ ցանկանում ենք, որ ֆակուլտետներն ու ձեռնարկությունները ավելի սերտ համագործակցեն, եւ այս գործիքը դրան կնպաստի: Այն անմիջականորեն կապում է բուհն ու ձեռնարկությունը ուսանողների եւ շրջանավարտների հետ: Սա կարող է լավ ազդակ լինել վերջիններիս համար՝ կարիերայի աջակցման հարցում»,- նշել է Լիլիթ Հակոբյանը:Թեեւ պորտալը հիմնականում նախատեսված է համալսարանականների համար, սակայն ռեսուրսները հասանելի են բոլոր այցելուների համար: «Պորտալը եզակի է իր բարդությամբ՝ 19 ֆակուլտետ, 100-ից ավելի ձեռնարկություն, խաչվող տեղեկատվություն: Այս ամենը համատեղելը բարդ խնդիր էր, որը մենք կարողացել ենք լուծել: Սա բուհ-ձեռնարկություն համագործակցության լավ օրինակ է: Պորտալը նաեւ ֆակուլտետների համար հաշվետվության ձեւ կլինի: Ակտիվ ֆակուլտետների աշխատանքը շատ ավելի հեշտությամբ կերեւա»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ ուսանողների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Tweet Դիտում՝ 4505