ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: «Կանոնակարգում կատարված փոփոխությունների նպատակն է մեղմացնել սահմանված որոշակի պայմաններին բավարարող դրամային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները, խստացնել սահմանված որոշակի պայմաններին չբավարարող արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները` պայմանավորված դրամային եւ արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության մակարդակով, ճշգրտել մեղմ ռիսկի կշիռներով (35/75) կշռման ենթակա հիփոթեքային վարկերի համար սահմանված պայմանները՝ հաշվի առնելով հիփոթեքային շուկայում վերջին տարիներին առաջացած առանձնահատկությունները, ինչպես նաեւ ընդլայնել պարտադիր պահուստավորման նորմատիվի շրջանակում սահմանված կազմակերպությունների ցանկը»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում: Այս փոփոխություններով բանկերին հնարավորություն է տրվում ընդլայնել բնակչությանը տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի ծավալները՝ դրամային հիփոթեքային վարկերն առավել հասանելի դարձնելով բնակչության համար: Ակնկալվում է նաեւ ապահովել արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության համարժեք գնահատում եւ զսպում, դոլարիզացիայի մակարդակի նվազեցում, ինչպես նաեւ երկարաժամկետ միջոցների ներգրավման խթանում: Tweet Դիտում՝ 4674