ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է ապրիլի սկզբին շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության հետ կապված հարցերը: Այս կապակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել եւ հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը: «Ուսումնասիրվել են ԼՂՀ եւ ադրբեջանական զորքերի շփման գծում 2016թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ: Ուսումնասիրված ընտանիքներից անչափահաս երեխա ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է 17-ը, զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ: Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաեւ` հոգեբանական ծառայության»,- նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Աջակցության գործընթացներն առավել նպատակային եւ հասցեական դարձնելու նպատակով նախարարն առաջարկել է դրանք ներդնել համակարգային հիմքերի վրա՝ ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը: Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ աշխարհազորայինների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ այս ուսումնասիրության արդյունքների շրջանակում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարականներ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին: Tweet Դիտում՝ 3336