ԱՄՆ 20 դոլար արժողությամբ նոր թղթադրամի վրա առաջին անգամ սեւամորթ կին կպատկերվի:Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հայտարարությունը, 20-դոլարանոց թղթադրամի վրա կպատկերվի ստրկության վերացման համար պայքարի առաջամարտիկ, աֆրոամերիկուհի Հարիեթ Թաբմենը (Harriet Tubman): ԱՄՆ իշխանությունները հանրային կարծիքի ուսումնասիրություն էին կատարել՝ պարզելու, թե որ հայտնի կնոջը կցանկանային տեսնել քաղաքացիները նոր թղթադրամների վրա: Աբոլիցիոնիստ Հարիեթ Թաբմենից բացի, քաղաքացիները 20-դոլարանոցների վրա ցանկացել էին տեսնել Էլեոնորա Ռուզվելտին եւ Ռոզի Փարքսին (ամերիկացի հայտնի հասարակական գործիչ, ակտիվիստ):Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր 10-դոլարանոց թղթադրամի դիզայնի փոփոխության մտադրության մասին, որի վրա պատկերված է ԱՄՆ ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը: Այս նախաձեռնությունը սակայն դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում: Դրա փոխարեն ԱՄՆ իշխանությունները որոշել են փոփոխել 20-դոլարանոց թղթադրամի դիզայնը, որի վրա պատկերված է ԱՄՆ-ում շատ ավելի քիչ հեղինակություն վայելող՝ ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնը:Ի դեպ, ԱՄՆ-ում մինչ այժմ կանայք պատկերված են եղել միայն մետաղադրամների վրա: Ինչ վերաբերում է թղթադրամներին, ապա դրանցում պատկերված դեմքերը 1929-ից ի վեր անփոփոխ են: Tweet Դիտում՝ 4644