ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն ԱլԳ երկրներում ընդլայնում են ՓՄՁ-ների եւ կին ձեռներեցների աջակցությունը

16.03.2016 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական Միությունն (ԵՄ) ընդլայնում են Արեւելյան գործընկերության երկրներում փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ու կին ձեռներեցներին աջակցման ծրագրերը:

Աջակցման լրամշակված ծրագրերն իրականացվելու են Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: ՓՄՁ հատվածին տրամադրվող աջակցությունը ՎԶԵԲ-ի՝ 2014թ. հուլիսին մեկնարկած Փոքր բիզնեսի նախաձեռնության բաղադրիչ մասը եւ բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է:

Առեւտրի խթանում եւ մրցունակության բարձրացում

Եվրոպական Միությունը հատկացրել է €8 միլիոն վերոնշյալ վեց երկրներում ՓՄՁ-ներին տրամադրվող բիզնես խորհրդատվության ծավալներն ընդլայնելու համար: Բազմամյա ծրագրի շրջանակում փոքր ձեռնարկությունները կունենան հնարավորություն խորհրդատվություն ստանալու ռազմավարության, մարքեթինգի, ՏՀՏ, էներգախնայողության եւ մի շարք այլ բնագավառների տեղի ու միջազգային խորհրդատուներից:

Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում իրականացվող խորհրդատվական ծրագրերի քառասուն տոկոսի նպատակն է օգնել փոքր ձեռնարկություններին վեր հանել եւ օգտագործել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շրջանակում առկա նոր հնարավորությունները: Բիզնես խորհրդատվությունը կխթանի ՓՄՁ-ների մրցունակությունը, կդյուրացնի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու գործընթացը, կօգնի օգտվել առեւտրային նոր հեռանկարներից եւ գործել սննդի անվտանգության, տեխնիկական ու որակական նոր չափանիշներին եւ բնապահպանական չափորոշիչներին համապատասխան:

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է ներգրավել մոտավորապես 550 ՓՄՁ շահառու՝ ստեղծելով 2500 նոր աշխատատեղ: Սակայն ծրագրի ազդեցությունը չի սահմանափակվում վերոնշյալ 550 շահառուներով. հանրային իրազեկման աշխատանքներն ու շուկայի զարգացումը դրական կազդեն հանրության ավելի լայն շերտերի վրա:

Չորացրած մրգեր ու հատապտուղներ արտադրող վրացական «Geo-Flower» ՍՊԸ-ն ծրագրերի շրջանակում հաջողության հասած ընկերություններից մեկն է: Ծրագրի առաջին փուլում վրացական ձեռնարկությունը ներդրեց միջազգային ճանաչում ունեցող որակի կառավարման ու անվտանգության հավաստագրման մեխանիզմներ, ինչի շնորհիվ ձեռք բերեց արտահանման նոր գործընկերներ Եվրոպական Միությունում՝ մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալները մեծացնելով 40%-ով, իսկ շրջանառությունը՝ 250%-ով:

Կանայք եւ զարգացում

Եվրոպական Միությունը հատկացրել է €5.035 միլիոն Արեւելյան գործընկերության երկրներում ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակում կին ղեկավար ունեցող ՓՄՁ-ներին տալիս են ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորություններ ու բիզնես խորհրդատվություն վարկային գծերի միջոցով, կին ձեռներեցների հետ աշխատող տեղական գործընկեր բանկերին տրամադրում են աջակցություն ռիսկերի կառավարման ու տեխնիկական հարցերի լուծման համար, ինչպես նաեւ կազմակերպում են բիզնես խորհրդատվություն, ձեռներեցության հմտությունների դասընթացներ եւ ուղղորդում կին ձեռներեցների համար: Եվրամիության հատկացրած գումարն ուղղվելու է ծրագրի ռիսկերի կառավարման ու տեխնիկական աջակցության բաղադրիչի իրականացմանը, որ համաֆինանսավորում են Շվեդիայի կառավարությունն ու Վաղ անցումային երկրների հիմնադրամը:

«Այս վեց երկրում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը կազմում է ձեռնարկությունների 95%, սակայն ՀՆԱ-ում դրանց մասը միջինում չի գերազանցում 30%,- ասել է ՎԶԵԲ-ի ՓՄՁ ֆինանսավորման ու զարգացման գծով գործադիր տնօրեն Կլաուդիո Վիեցցոլին: -Մեր կարծիքով՝ կենսունակ ՓՄՁ հատվածը նպաստում է տնտեսության արդյունավետ գործունեությանը, եւ ճիշտ աջակցություն տրամադրելու դեպքում ձեռներեցության ուժեղ ոգին, որ կա այս տարածաշրջանում, կարող է բացահայտել ողջ ներուժը: Եվ ես ուրախ եմ, որ մենք շարունակում ենք Եվրամիության հետ մեր համագործակցությունն այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:

ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ նաեւ ԽՀԱԱԳ շրջանակում Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, որոնք ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Համագործակցությունն ավելի մեծածավալ նախագծի՝ ԽՀԱԱԳ ՓՄՁ-ների աջակցման ծրագրի մասն է կազմում: Վերջինս նոր ներդրումների հեռանկարներ է բացում այս երեք երկրների ՓՄՁ-ների համար, իսկ ներդրումները մեծամասամբ միջազգային ֆինանսական կառույցների՝ մասնավորապես ՎԶԵԲ-ի ու Եվրոպական ներդրումային բանկի, տրամադրած վարկերից են արվում:

Եվրոպական Միությունը կարեւորում է մասնավոր հատվածին, հատկապես փոքր ձեռնարկություններին աջակցումը՝ այդպիսով խթանելով տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը Արեւելյան գործընկերության երկրներում: ԵՄ աջակցությունն ուղղվում է բիզնես խորհրդատվության, ֆինանսական ռեսուրսների ներգրավման կամ ռազմավարական երկխոսության ոլորտներին:

Գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով ՎԶԵԲ-ն արդեն ներդրել է €8.84 միլիարդ Արեւելյան գործընկերության երկրներում փոքր ու միջին ձեռնարկությունների ու կին ձեռներեցների աջակցման, էներգախնայողության առաջխաղացման եւ այլ առաջնահերթ բնագավառների ծրագրերի մեջ: Եվրամիության, Շվեդիայի եւ այլ դոնոր կառույցների համաֆինանսավորման շնորհիվ՝ ՎԶԵԲ-ը տրամադրել է խորհրդատվություն տարածաշրջանի ավելի քան 4000 ՓՄՁ-ների:

ՎԶԵԲ-ը միջազգային զարգացման բանկ է, որի նպատակն է ապահովել շուկայական տնտեսությունների առաջընթացը եւ խթանել մասնավոր հատվածի ու ձեռներեցության զարգացումն ավելի քան 30 երկրում՝ Մարոկկոյից մինչ Մոնղոլիա, Եգիպտոսից մինչ Էստոնիա: ՎԶԵԲ-ը պատկանում է 65 պետության, Եվրոպական Միությանն ու Եվրոպական ներդրումային բանկին: ՎԶԵԲ-ին կարելի է հետեւել պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի էջերում՝ Facebook, Instagram, Twitter եւ YouTube:

Եվրոպական Միության կազմում է 28 անդամ երկիր, որ աստիճանաբար միավորում են իրենց գիտական ներուժը, ռեսուրսներն ու ճակատագրերը: Ընդլայնման 60 տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրները ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման գոտի՝ զուգահեռ պահպանելով մշակութային առանձնահատկությունները, հանդուրժողականությունն ու հիմնարար ազատությունները: Եվրոպական Միությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները ԵՄ սահմաններից դուրս երկրների ու ժողովուրդների հետ:
 
Հարցերի դեպքում լրատվամիջոցները կարող են դիմել SPRING PR ընկերությանը՝ հեռ.՝ +374 500 561, +374 99 880 023:

Դիտում՝ 12626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW