ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մարտի 7-ին մեկնարկել է մասնագետ-փորձագետների աշխատանքային սեմինար:Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, սեմինարի ընթացքում ՀՀ ԿԲ ներկայացուցիչները տարածաշրջանի երկրներից ժամանած մասնագետներին ներկայացնում են դրամավարկային քաղաքականության մշակմանն աջակցող սցենարների, վերլուծությունների կառուցման մանրամասն գործընթացը եւ անհրաժեշտ տեխնիկական ու մոդելային համակարգերը: Աշխատանքային սեմինարն ավարտվելու է մարտի 11-ին: Ավելի վաղ՝ փետրվարի 29-ից մարտի 4-ը, ՀՀ Կենտրոնական բանկում եւ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել են բարձր մակարդակի սեմինար-քննարկումներ՝ «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացում» եւ «Դրամավարկային քաղաքականության մշակմանն աջակցող սցենարների կառուցում» թեմաներով:Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԲ խորհրդի անդամները, գնաճի նպատակադրման ռազմավարության ինստիտուցիոնալ կառուցվածքի նախագծող-հեղինակ, ԱՄՀ Մոդելավորման բաժնի ղեկավար Դուգլաս Լաքստոնը, դրամավարկային քաղաքականության առաջատար միջազգային փորձագետ, Կանադայի բանկում գնաճի նպատակադրման ռազմավարության ներդրման նախաձեռնող համահեղինակներից Ջեկ Սելոդին, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության պատասխանատու ղեկավար անձինք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ:Սեմինար-քննարկմանը ներկայացվել են զարգացող երկրներում դրամավարկային եւ մակրոպրուդենցիալ քաղաքականությունների իրականացման առանձնահատկություններին առնչվող մի շարք վերլուծական աշխատանքներ: Քննարկվել են զարգացող երկրների դրամավարկային քաղաքականության ու մակրոպրուդենցիալ կարգավորման ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաեւ առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիներին առնչվող հիմնահարցեր: Tweet Դիտում՝ 2784