Ամերիաբանկը միջազգային կառույցներից $90 մլն է ներգրավել

21.01.2016 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) ստացել է $50 մլն ստորադաս փոխառություն, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ)՝ $40 մլն ներդրում:

Համապատասխան պայմանագրերը կնքվել են այսօր Երեւանում:

IFC-ի տրամադրած միջոցներն ուղղվելու են Ամերիաբանկի կապիտալի ավելացմանը, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունների եւ ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը, տնտեսական աճի խթանմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը:

«Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակն ու աճի արագընթաց տեմպերը՝ մեր տրամադրած ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը եւ թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO)»,- նշել են IFC-ում:

Ինչ վերաբերում է ՎԶԵԲ-ի ներդրմանը, ապա այն ուղղվելու է Ամերիաբանկի բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմանը: Այս գործարքը հանդիսանում է տարածաշրջանում ՎԶԵԲ-ի ստորագրած՝ բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարքը:

Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի Ամերիաբանկի բաժնետոմսերի մոտ 20%-ը՝ $30 մլն-ով: Մնացած $10 մլն-ը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ամրապնդել Ամերիաբանկը եւ պատրաստել այն նախնական հրապարակային առաջարկին (IPO):

Ի դեպ, 2016թ. Ամերիաբանկի տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:

Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն ընդգծել է, որ այս երկու գործարքներն էական ազդեցություն կունենան Հայաստանի բանկային համակարգի եւ Հայաստանի տնտեսության զարգացման համար:

«Այս տարիների ընթացքում միջազգային տնտեսական կառույցներից մեզ հաջողվել է ներգրավել կես մլրդ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ: Այդ գործընկերների շարքում առանցքային դեր ունեն ՎԶԵԲ-ը եւ IFC-ն: Կառույցներ, որոնց հետ արդյունավետ համագործակցության տրամաբանական արդյունքն են այսօր կնքված երկու գործարքները: Դրանք մեզ հնարավորություն ընձեռեցին գրեթե երկու անգամ ավելացնել մեր նորմատիվ կապիտալը, եւ այս աննախադեպ աճը նոր հնարավորություններ է ստեղծում էապես ընդլայնելու մեր վարկավորման ծավալները, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացմանը»,- ասել է Անդրեյ Մկրտչյանը:  

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ գործարքների կնքումը հատկանշական է համարել այն առումով, որ տարեսկզբին երկու խոշոր միջազգային ֆինանսական կառույցներ մուտք են գործում Հայաստան:

«Կապիտալ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում նրա զարգացման ռազմավարությանը եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունության բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»,- նշել է IFC Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման:

ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն էլ հայտարարել է, որ ՎԶԵԲ-ը՝ որպես բաժնետեր, կաջակցի Ամերիաբանկի զարգացմանը՝ շեշտը դնելով մասնավորապես կորպորատիվ կառավարման վրա:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի բաժնետեր դառնալու առիթով եւ դիտում ենք այս հնարավորությունը որպես եւս մեկ քայլ տեղական բանկային հատվածի ամրապնդման ուղղությամբ: Ֆինանսավորման հասանելիության բարելավումը կարեւորագույն գործոն է, որը հնարավորություն կընձեռի տեղական ընկերություններին օգտագործել իրենց ներուժը»,- ամփոփել է Մարկ Դեյվիսը:


Դիտում՝ 20600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW