Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 22-ին հաստատել է $55 մլն-ին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին` Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակում: ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը նպատակ ունի ենթակառուցվածքային ծառայությունների ու ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման միջոցով ՀՀ հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության մեջ: «Ուզում եմ առանձնակի շեշտել, որ այս ծրագրի ամենաազդեցիկ կողմերից մեկն այն է, որ շահագրգռում է համայնքներին պահպանել ինքնատիպ հայկական մշակութային ժառանգությունը եւ թույլ է տալիս տեղական տնտեսական զարգացման համատեքստում օգուտներ քաղել զբոսաշրջությունից»,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:«Զբոսաշրջության ոլորտում ու անբավարար զարգացած վայրերում ակնկալվող աճից զատ այս ծրագիրը հնարավորություն կտա մասնավոր ներդրումներ ներգրավել հանրային ենթակառուցվածքներում: Այն խթան կհանդիսանա, որ զբոսաշրջության եւ ագրոբիզնեսի ոլորտներում ներդրումներով հետաքրքրված եւ այդպիսի կարողություններ ունեցող մասնավոր ընկերությունները մասնակից դառնան հանրային ենթակառուցվածքների վերականգնմանը՝ երաշխավորելու իրենց ներդրումների կենսունակությունը»,- ասել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդան: Առաջին տարվա ներդրումների շրջանակում նախատեսվում են աշխատանքներ Խոր Վիրապ այցելավայրում, Գառնու կիրճում, որտեղ կվերականգնվի դեպի Քարերի սիմֆոնիա հուշարձանը տանող 1,6 կմ ճանապարհը, Զորաց Քարեր (Քարահունջ) այցելավայրում, որտեղ կբարելավվի հուշարձան տանող ճանապարհը: Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է $68 մլն, որից $13 մլն-ը ներդնում է ՀՀ կառավարությունը: Tweet Դիտում՝ 13573