«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի, Մեծ Բրիտանիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (Association of Chartered Certified Accountants/ACCA) եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ այսօր Երեւանում կայացել է «Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխությունը: Բրիտանական ACCA միջազգային որակավորման համար պահանջվող 14 քննություններից 2015թ. Հայաստանում ամենաբարձր միավորներ վաստակած 16 ուսանողներին հատուկ մրցանակներ է հանձնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:«Սա կարող է դրական ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, ինչն իր հերթին մոտիվացիա է: Հույս ունեմ որ կկարողանաք ձեր գիտելիքներն օգտագործել պրակտիկ ոլորտում՝ մասնագիտական գործունեության մեջ»,- նշել է դեսպանը: Ջուդիթ Ֆարնուորթը հավելել է, որ Մեծ Բրիտանիան աշխարհում առաջին երկրներից է, որ Հայաստան է եկել ֆինանսների եւ բիզնես խորհրդատվության ոլորտում իր ծառայություններով, եւ արդեն իսկ առկա են հաջողակ պատմություններ: «Այ Էյ Բի» ընկերության փոխտնօրեն Անի Նահապետյանը, իր հերթին, նշել է, որ 2001թ. հիմնադրված ակադեմիայի առաքելությունն է հնարավորություն ընձեռել կազմակերպություններին՝ ապահովելու մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը` առաջարկելով վերապատրաստման եւ խորհրդատվական ծառայությունների մշտապես նորացվող շրջանակ: ««Այ Էյ Բի»-ն հանդիսանում է Հայաստանում ACCA-ի «ոսկյա գործընկեր» եւ միակ ընկերությունն է, որ այստեղ առաջարկում է վերջինիս դասընթացները: Այսօր բուհը ավարտում են ոլորտի հազարավոր ուսանողներ: Որպեսզի նրանք կարողանան տարբերվել եւ ունենալ մրցակցային առավելություն, հարկավոր է ACCA որակավորում: Դա նրանց թույլ կտա շատ արագ մտնել աշխատանքային շուկա»,- նկատել է Անի Նահապետյանը: «Այ Էյ Բի»-ի միջազգային որակավորումների բաժնի համակարգող Սաթինե Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ ACCA-ն ամեն տարի կրթաթոշակ է տրամադրում աշխարհում իր հինգ լավագույն ուսանողներին: «Այս տարի առաջին անգամ այդ հինգ ուսանողներից մեկը Հայաստանից է՝ Արծրուն Նշանյանը: ACCA-ն այդ կրթաթոշակով փոխհատուցում է ուսանողի քննությունների, գրքերի եւ հետագա դասընթացների հետ կապված ծախսերը»,- նշել է նա: Սաթինե Հարությունյանը հավելել է, որ ACCA-ն «Այ Էյ Բի»-ի հետ համատեղ նոր առաջարկ է մշակել ուսանողների համար: Մինչեւ 2016թ. փետրվարի 28-ը դիմելու դեպքում գրանցման գումարը 79 ֆունտի ($120) փոխարեն կկազմի 10 ($15) ֆունտ: ACCA-ն հիմնադրվել է 1904թ. Մեծ Բրիտանիայում: Այսօր այն արագ զարգացող եւ հաշվապահության միջազգային մասնագիտական ամենամեծ մարմինն է: ACCA-ն հիմնել է ավելի քան 200 քննական կենտրոն ամբողջ աշխարհում:Հայաստանում Բրիտանական խորհուրդը ACCA գրավոր քննությունների կենտրոնն է, իսկ «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան ACCA-ի համակարգչահենք քննությունների կենտրոնն է: Tweet Դիտում՝ 7023