Երեւան, 4 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի առեւտրային բանկերից մի քանիսը 2007 թվականին նախատեսում են սկսել MasterCard եւ Visa չիփային քարտերի թողարկումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը MasterCard եւ Visa չիփային քարտեր է թողարկելու 2007 թվականի մարտից, իսկ այժմ թողարկում է MagneticStripes քարտեր: ”Հայբիզնեսբանկը” եւ “Զարգացման Հայկական Բանկը” մտադիր են MasterCard չիփային քարտերի թողարկումը սկսել 2007 թվականի փետրվարին: “Կասկադ Բանկը” հաջողությամբ փորձարկել է եւ շուտով կսկսի “ArCa” չիփային քարտերի թողարկումը, իսկ 2007 թվականի վերջին նախատեսում է թողարկել նաեւ MasterCard չիփային քարտեր: “ՎՏԲ-Հայաստան Բանկը” եւ “Յունիբանկը” 2007 թվականին կսկսեն Visa չիփային քարտերի թողարկումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Արցախբանկը” հաջողությամբ ավարտել է MasterCard եւ Maestro համակարգերի չիփային քարտերի փորձարկումը, իսկ զանգվածային թողարկումը նախատեսված է 2007 թվականին: ”Հայներարտբանկը” դեռեւս չի նախատեսում չիփային քարտերի թողարկում, սակայն իրականացնում է դրանց սպասարկումը: “Արդշինինվեստբանկը”, “Առէկսիմբանկը”, “Անելիք Բանկը”, “Պրոմեթեյբանկը”, “ԲՏԱ-ինվեստբանկը”, “Ինեկոբանկը”, “ԻԹԲ-Միջազգային առեւտրային բանկը” եւ “Կոնվերսբանկը” նախատեսում են չիփային քարտեր թողարկել 2007-2008 թվականներին: Դեռեւս չիփային քարտերի թողարկում չեն նախատեսում “Արարատ Բանկը“, “Հայսվիսբանկը”, “Մելլաթ Բանկը“ եւ “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկը”: Չիփային քարտն իրենից ներկայացնում է պլաստիկ քարտ` ներդրված չիփով (միկրոպրոցեսոր), որը գործում է քարտում որպես միկրոհամակարգիչ: Ժամանակակից չիփային քարտերն ունեն պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6984