BSC-ն կկիրառի նոր մոտեցումներ՝ շուկայի փոփոխություններին համընթաց

13.11.2015 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերջին 2-3 տարիների ընթացքում խորհրդատվական շուկայում հստակության պակաս է զգացվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջին տարիներին մասնավոր, հասարակական եւ հանրային հատվածները գործում են ճգնաժամային պայմաններում, ինչն ուղղակիորեն ազդում է խորհրդատվական շուկայի վրա:

Այս մասին Banks.am-ի հետ զրույցում ասել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ միաժամանակ ընգծելով, որ խորհրդատվական շուկան Հայաստանում ինքնին ստեղծվել եւ զարգացել է հիմնականում ճգնաժամային իրավիճակում:

Սամվել Գեւորգյանի կարծիքով՝ այս փաստի դրական կողմն այն է, որ անկախ տնտեսական իրավիճակից՝ խորհրդատվական շուկայի դերակատարները կարողանում են ապահովել ճկունություն, արագ ադապտացում շուկայական փոփոխություններին, ինչպես նաեւ առաջարկում են գերարագ փոփոխություններին համապատասխանող լուծումներ, ինչը, սակայն, վերաբերում է միայն Հայաստանի խորհրդատվական ընկերությունների փոքր մասին:

«BSC-ն դիտարկում է խորհրդատվական ընկերություններին որպես գործընկերներ: Մենք գտնում ենք, որ հարկավոր է զարգացնել խորհրդատվական շուկայում համագործակցության գաղափարը, ինչի շնորհիվ միայն կարող է զարգանալ եւ կայունանալ խորհրդատվական շուկան Հայաստանում: Համագործակցության շնորհիվ բարձրանում է խորհրդատուների պրոֆեսիոնալիզմը, կատարված աշխատանքի որակը, ձեռներեցներին առաջարկվող օգուտը»,- նշել է մեր զրուցակիցը:

Սամվել Գեւորգյանի փոխանցմամբ՝ վերջին շրջանում նկատվում է միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ-ների կողմից ներքին ռեսուրսներով թրեյնինգային ծրագրերի իրականացում: Ստեղծվում են առանձին ստորաբաժանումներ, որոնք սկսում են մրցել շուկայում գործող խորհրդատվական ընկերությունների հետ: Մյուս կողմից, միջազգային ընկերությունները վերջին շրջանում կենտրոնացած են ՀԿ-ների ֆինանսավորման վրա: Կրճատվում են դոնորների կողմից ֆինանսավորման ծավալները, իսկ մասնավոր հատվածում անընդմեջ առաջացող խնդիրները ուղղակիորեն բացասական ազդեցություն են ունենում խորհրդատվական շուկայի վրա:

«Թեեւ BSC-ի հիմքերը դրվել են Եվրոպական Միության ՏԱՍԻՍ (Technical Assistance to the Commonwealth of Independent States-TACIS) ծրագրի կողմից եւ այն հանդիսանում է ՏԱՍԻՍ-ի ամենահաջողված ծրագրերից մեկը ԱՊՀ երկրներում, սակայն արդեն 20 տարի BSC-ն ինքնաֆինանսավորվող եւ կայուն ընկերություն է: Դա հիմնականում պայմանավորված է հստակ սահմանված սկզբունքներով, որոնց հիմքն է հանդիսանում մասնավոր հատվածի կարիքների անընդմեջ ուսումնասիրությունը եւ դրա հիման վրա խորհրդատվական ծառայությունների առաջարկի մշակումը: Նկատի ունենալով շուկայի գերարագ զարգացումները` մենք ոչ միայն ձգտում ենք համապատասխանել շուկայի դերակատարաների սպասելիքներին, այլ նաեւ անընդմեջ լինել մեկ քայլ առջեւում եւ կատարել ճիշտ կանխատեսումներ` հիմնվելով մեր փորձի վրա»,- ասել է Սամվել Գեւորգյանը:

Եզրափակելով իր խոսքը` նա ընդգծել է, որ հաշվի առնելով այս եւ մի շարք այլ միտումներ` BSC-ն անընդմեջ զարգանում է շուկայի փոփոխություններին համընթաց` փորձելով ընտրել ճիշտ ժամանակը նոր ռազմավարական մոտեցումներ կիրառելու համար, որոնք կբացահայտվեն նոյեմբերի 16-ին:

Դիտում՝ 12396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW