Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանի հետ բիզնես կապերի ընդլայնման հիմնական ուղղություններից մեկը ԱՄՆ ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է:Այս մասին դիվանագետն ասել է նախօրեին՝ ծավալուն ելույթով հանդես գալով Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի անդամների առջեւ: «Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է: ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան «Կոնտուր Գլոբալի» կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. $250 մլն-ի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: Ուզում եմ շեշտել, որ «Կոնտուր Գլոբալն» այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:Նա ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գրավիչ լինի ներդրողների համար:Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ ներդրումներին՝ Ռիչարդ Միլսը հիշեցրել է այդ նպատակով Հայաստանում վերջերս կազմակերպված երկու միջոցառման մասին. սեպտեմբերին ֆրենչայզինգի օրը եւ հոկտեմբերին ԱՄՆ գործընկերության հնարավորության պատվիրակության ընդունումը, որը դիտարկում էր համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում: Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական աճին ուղղված աջակցությամբ ԱՄՆ-ը շեշտադրում է մարզային զարգացման հարցը: Նա հիշեցրել է, որ ներկայում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերով շուրջ $12 մլն է ուղղված գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը եւ գյուղական համայնքների տնտեսական աճին: Ռիչարդ Միլսը տեղեկացրել է նաեւ, որ այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանում կհայտարարի տուրիզմի հետ կապված նոր նախաձեռնության մասին: Tweet Դիտում՝ 12954