Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ալկոհոլային խմիչքների ոլորտի 14 ընկերությունների հետ համատեղ, նոյեմբերի 4-6-ը ներկայացնում է Հայաստանը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող «ENOEXPO 2015» 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսում: Հայաստանի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ընկերությունները միջազգային սպառողին կներկայացնեն հայկական գինին, կոնյակը, գարեջուրը եւ ծիրանի բրենդին: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է խմիչքի համտես, ինչպես նաեւ շնորհանդեսներ, հյուրասիրություններ եւ գործնական հանդիպումներ: «Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքների արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաեւ միջազգային շուկա մուտք գործելը եւ նոր գնորդներ ձեռք բերելը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախատեսվում է կազմակերպել նաեւ հայկական գինիների համտես-շնորհանդես` առեւտրային ցանցերի, գինու ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ տվյալ ոլորտի լրագրողների եւ սոմելիեների համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:Հիշեցնենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին Լոնդոնում կազմակերպվել էր գինու համտես: Tweet Դիտում՝ 3610