ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) եւ Իրանի միջեւ երկխոսության ձեւավորմանը եւ տնտեսական գործակցության զարգացմանը: Այս մասին կառավարության ղեկավարն ասել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵՏՄ-ԻԻՀ համագործակցության համար՝ կառավարության անունից պատրաստակամություն հայտնելով աջակցել ԵՏՄ-Իրան երկխոսությանը:«Մենք միշտ կարեւորել ենք բարեկամ եւ հարեւան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարեւորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան եւ կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018 թվականից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Անդրադարձ է եղել նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին: ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին եւ Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին: Tweet Դիտում՝ 22877