ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ 2015թ. աճ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում:Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով վերջին յոթ ամիսներին գյուղնախարարության իրականացրած աշխատանքները եւ անդրադառնալով առաջիկա ծրագրերին: Սերգո Կարապետյանը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները, նշել է, որ 2015թ. հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նա պարզաբանել է, որ բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6%, իսկ անասնապահությունում`4.2%: Նշված ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145.4 մլրդ դրամ, իսկ անասնաբուծությանը` 183 մլրդ դրամ: Գյուղնախարարի խոսքով՝ այս տարի ավելացվել է նաեւ գյուղվարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը. այն կազմել է 6%` հնարավորություն տալով գյուղացիական տնտեսություններին շուկայականից ցածր` 8%-ով վարկեր ձեռք բերել: Այս տարի 9.4%-ով կամ շուրջ 2.5 հազ. հա-ով ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3%-ով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3%-ով կամ շուրջ 1000 հա-ով ավելացել են կարտոֆիլի, 3.2 հազ. հա-ով կամ 4.1%-ով` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Սերգո Կարապետյանը հավելել է, որ այս տարի զգալի աշխատանքներ են իրականացվել նաեւ ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ներկայում ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա, որից ապակեպատ` 270, թաղանթապատ` 500 հա: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, մինչեւ տարեվերջ Կոտայքի եւ Արարատի մարզերում կկառուցվեն եւս շուրջ 40-50 հա արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Այս տարվա 7 ամիսներին անասնաբուծության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.2%-ով, շարունակվել է նաեւ անասնագլխաքանակի ավելացման միտումը: Ինչ վերաբերում է մթերումներին, ապա ըստ գյուղնախարարի՝ դրանք սահուն են ընթանում: Սեպտեմբերի 9-ի դրությամբ մթերվել է 22 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4%-ով, իսկ պտղի մթերումների ցուցանիշն ավելացել է 2.7 անգամ: Արտահանման գործընթացը եւս շարունակվում է: Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 55 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ: Արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես՝ ՌԴ-ին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9%-ը: Ըստ Սերգո Կարապետյանի՝ գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստում են գյուղմթերքների տոնավաճառները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպվել է 40 տոնավաճառ: Նախարարի խոսքով՝ միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք: Tweet Դիտում՝ 3058