ՀՀ եւ Չինաստանի գործադիրների միջեւ առեւտրական ներկայացուցչություններ կհիմնվեն

31.08.2015 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ առեւտրական ներկայացուցչություններ կհիմնվեն:

Համապատասխան համաձայնագիրն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝  կառույցները  կնպաստեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական համակարգին երկու պետությունների տնտեսությունների ինտեգրմանը:

«Առեւտրական ներկայացուցչությունները գործում են մյուս կողմի պետությունում իրենց պետության կառավարության անունից եւ իրենց պետության դեսպանատանը կից՝ նպաստելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, առեւտրի եւ տնտեսական համագործակցության ոլորտում ներկայացնելով իրենց երկրի շահերը եւ աջակցելով  իրենց երկրների տնտեսվարող սուբյեկտներին նստավայր երկրի տնտեսվարող սուբյեկտների հետ առեւտրական, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացմանը, նոր կապերի ստեղծմանը»,- ասել է նախարարը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար նման կառույցների գործունեությունը եւ կարեւորել, որ այս դեպքում դեսպանները գործեն ի նպաստ երկրի տնտեսության զարգացման:

Ի պատասխան վարչապետի դիտարկման՝ Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ նման կառույցներ գործում են ՌԴ-ում եւ Բելգիայում, որոնց ներկայացուցիչներն իրենց աշխատանքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում:

Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր կողմ, իր պետության գործող օրենսդրության համաձայն, կֆինանսավորի իր առեւտրական ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը:

Համաձայնագիրը կկնքվի անորոշ ժամանակով եւ ուժի մեջ կլինի՝ մինչեւ կողմերից որեւէ մեկը գրավոր կերպով չծանուցի մյուս կողմին նրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին` դրա գործողության ավարտից առնվազն 6  ամիս առաջ:

Դիտում՝ 2945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW