Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է հունիսի դրությամբ ՀՀ տնտեսության ամփոփ վերլուծականը:Ստորեւ ներկայացված են ՀԲ վերլուծականից հատվածներ:Տնտեսական աճ. Վերջին տնտեսական զարգացումները հաստատում են, որ 2015թ. համար ընդհանուր առմամբ ձևավորված է ցածր աճի միջավայր: 2015թ. 1-ին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 2.2%, չնայած ավանդաբար այն տարվա ընթացքում վերընթաց միտում է ունեցել: 2015թ. առաջին 5 ամիսներին ծիրանի լավ բերքով պայմանավորված՝ աճ է նախանշվել գյուղատնտեսության ոլորտում: ՀՆԱ-ի պահանջարկի կողմը շարունակում է մնալ սահմանափակ` պայմանավորված առեւտրի ու Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների նվազմամբ: Դրամավարկային քաղաքականություն. Այն շարունակում է մնալ խիստ: Մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) զերծ է մնացել բաց շուկայական միջամտությունից եւ հունիսի 8-26-ը ժամանակահատվածում գնել է 30 մլն դոլարին համարժեք արտարժույթ: Սա կօգնի ձեւավորել միջազգային պահուստները եւ մեղմել սեզոնային արժեւորումների հետեւանքով փոխարժեքի նկատմամբ ձեւավորվող ճնշումները: Արժեթղթերով ապահովված վարկերը 2015թ. ապրիլին 2014թ. դեկտեմբերի վերջի համեմատ նվազել են 3.5%-ով, ընդ որում՝ արտաժույթով տրամադրված վարկերի կրճատումն ամենամեծն է: Վերաֆինանսավորման դրույքաչափը մնում է 10.5%, ինչը փոխառված միջոցների բարձր ծախսերի է հանգեցնում: Գյուղատնտեսություն. Լավ գյուղատնտեսական բերքը դեռեւս չի ապահովել սննդամթերքի ավելի ցածր գներ, ընդ որում՝ մայիսին գնաճի հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին: Մայիսին գնաճը կազմել է 5.1%` մոտենալով ՀՀ ԿԲ-ի նշագրման վերին շեմին` 4±1.5%: Գնաճի ավելացման հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին, որոնք ապրիլ ամսվա ընթացքում աճել են 5.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):Գնաճի հետ կապված ճնշումները տարվա երկրորդ կեսին կարող են մեծանալ, եթե հոսանքի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջերս կայացրած որոշման համաձայն ավելացվի 16.6%-ով: Հարկաբյուջետային տիրույթ. Այն շարունակում է սահմանափակված մնալ` հարկային եկամուտների չափավոր աճի ու ծախսային մասով ճնշումների պայմաններում: 2015թ. Հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտները աճել են 1.3%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Այս ժամանակահատվածում անուղղակի հարկերի հաշվին ընդհանուր հարկային եկամուտների ավելացումը կազմել է միայն 0.1 տոկոսային կետ, ինչը պայմանավորված է ներքին տնտեսական թույլ աճով եւ ներմուծումների պասիվացմամբ: Առեւտրային հաշվեկշիռ. 2015թ. հունվար-մայիս ամիսներին առեւտրային բացասական հաշվեկշիռը կիսվել է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) դառնալով 581.6 մլն դոլար: Առեւտրային հաշվեկշռի բարելավումը պայմանավորված է ներմուծման 38% անկմամբ, որին զուգընթաց արտահանումը նվազել է 15.2%-ով` նպաստելով առեւտրային հաշվեկշռի լայնացմանը: ԵՏՄ մաքսային ընթացակարգերի իրականացման դժվարություններով պայմանավորված ու մասամբ նաեւ ռուբլու նկատմամբ դրամի հարաբերական արժեւորմամբ ու ԵՏՄ գործընկերների ցածր տնտեսական ցուցանիշներով պայմանավորված՝ 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին ԵՏՄ երկրներ արտահանումը կազմել է 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի 3.8%-ը: ԵՄ արտահանումը նվազել է 6.9%-ով: Տնտեսության դանդաղ տեմպերի եւ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների նվազման արդյունքում կրճատվել է նաեւ ներմուծման պահանջարկը: 2015թ. հունվար-ապրիլ ամիսների զուտ դրամական փոխանցումները նվազել են 44%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ինչն ամբողջապես պայմանավորված է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների 52% անկմամբ: Tweet Դիտում՝ 3143