ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին սպառնում է զրկել լիցենզիայից

12.06.2015 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ասել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) դեմ վարչական վարույթ է սկսվել, որի մասին շուտով կհայտարարվի:

Այս մասին Ռոբերտ Նազարյանն ասել է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Արդեն 6 ամիս է՝ ՀԷՑ-ը, հակասության մեջ մտնելով ոլորտը կարգավորող իրավական ակտերի հետ, հրաման է ստորագրել, որով նոր ցանցի միացումների համար բաժանորդներից պահանջում է 100% կանխավճար կատարել»,- ասել է Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ թերությունները չշտկելու դեպքում ՀԷՑ-ը, հնարավոր է, զրկվի լիցենզիայից:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող փոփոխությանը՝ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ «եթե չլիներ սակավաջուր տարի, ատոմակայանի կանգ  ու արտարժութային խնդիր, սակագինը սպասվողից շուրջ երեք անգամ ավելի ցածր կլիներ»:

ՀԾԿՀ նախագահն արձագանքել է նաեւ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բիբինի այն հայտարարությանը, թե «այս իրավիճակը կանխատեսելի էր, եւ ՀԷՑ-ն այս մասին բազմիցս տեղեկացրել է ՀԾԿՀ-ին, սակայն վերջինիս քայլերը համարժեք չեն եղել»:

«Պարոն Բիբինը ստում է: Մինչեւ 2012թ. մենք ունեինք սակագների հաշվարկման մեթոդիկա, եթե մարժան մեր սահմանածից ավելի կամ պակաս է լինում, դա իրենց խնդիրն է: Սակայն, հաշվի առնելով մի շարք գործոններ, մեր նախաձեռնությամբ գնացինք մեթոդիկայի փոփոխության՝ այն պայմանով, որ վնասը մենք երեք տարի կփոխհատուցենք, եւ, եթե ընտրությունն օգուտ ունենա, երեք տարի հետո կվերադարձնի այն: Սա քայլ էր, որն արվեց հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար»,- ասել է Ռոբերտ Նազարյանը:

«Վատ մենեջմենթի, ճոխությունների արդյունքում ձեւավորված ծախսերից որեւէ լումա չի արտացոլվել նոր ձեւավորվող սակագնի մեջ: Դա ընկերության խնդիրն է, իրենք պետք է լուծեն այն»,- հավելել է ՀԾԿՀ նախագահը:

Ուշագրավ է, որ լսումներին ներկա չէր ՀԷՑ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բիբինը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը ս.թ. մայիսի 8-ին ՀԾԿՀ ներկայացրած հայտով առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով:

Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:

Դիտում՝ 3325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW