ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվել են հարկի նոր դրույքաչափեր:ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի փոխանցմամբ՝ օրենքում կատարվելիք փոփոխությունը բխում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից ու շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմից:«Այդ մեխանիզմն առաջացրել էր թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առեւտրով զբաղվողների դժգոհությունը։ Մասնավորապես՝ դժգոհության տեղիք էր տվել վաճառվող թանկարժեք մետաղի, դրանցից պատրաստված իրերի բարձր ինքնարժեքն ու վաճառքի ցածր գումարը, փաստաթղթերի ներկայացման սահմանափակ հնարավորությունները»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ առաջարկվող նախագծով կմեղմվի այդ խնդիրը:Էմիլ Տարասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար կսահմանվի արտոնագրային վճար, որը Երեւանում կկազմի 35 հազ. դրամ՝ մինչեւ 0.7 գծամետր տարածքի համար, իսկ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար կգումարվի եւս 5 հազ. դրամ։Մարզկենտրոններում 0.7 գծամետրի համար արտոնագրային վճարը կկազմի 25 հազ. դրամ, իսկ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար կավելանա 3000 դրամ, այլ քաղաքներում՝ 20 հազ. դրամ եւ 2500 դրամ՝ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար, իսկ սահմանամերձ վայրերում արտոնագրային վճարը կսահմանվի 0 դրամ։«Փոփոխությունը լրացուցիչ օժանդակություն կլինի ոսկեգործության ոլորտի համար, որը հատուկ մոտեցում է պահանջում»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 2299