ԱԺ պատգամավոր, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոս Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ «Գովազդի մասին›› ՀՀ օրենքը հատուկ դրույթներ չի նախատեսում համացանցային գովազդի իրավական կարգավորման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Մեդիամաքսը՝ ներկայացնելով իրավիճակը համացանցային գովազդում:Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: «Նշված հասկացությունից կարելի է եզրահանգել, որ տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների թվին կարելի է դասել նաեւ համացանցը, ուստի գովազդի մասին օրենքով սահմանված ընդհանուր պահանջները տարածվում են նաեւ համացանցային գովազդի վրա: Այսինքն, ինչպես ցանկացած այլ գովազդ, համացանցայինը եւս պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ»,- ասել է պատգամավորը: Անդրադառնալով համացանցում գովազդի վերահսկողության բացակայությանը՝ նա նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ համացանցային գովազդը սահմանված չէ որպես գովազդի առանձին տեսակ, միեւնույն ժամանակ, նկատել, որ օրենսդրությամբ գովազդի առանձին տեսակների դեպքում սահմանված են վերահսկողություն իրականացնող տարբեր մարմիններ: Այսպես, օրինակ, արտաքին գովազդի պարագայում վերահսկողություն են իրականացնում Երեւանի քաղաքապետը, մարզպետները, տրանսպորտի եւ կապի նախարարությունը, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում վերահսկողություն է իրականացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովը: Որոշ դեպքերում վերահսկողություն է իրականացնում նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:«Այս պարագայում դժվար է որոշելը, թե որ մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի համացանցային գովազդի նկատմամբ: Կարծում եմ, առավել նպատակահարմար կլիներ նման իրավասություն վերապահել գործադիր իշխանության պետական մարմիններից մեկին»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ: Tweet Դիտում՝ 4461