ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի:ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի փոխանցմամբ՝ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային սեկտորի եւ կապի կայուն զարգացմանն ու ծառայությունների որակի բարելավմանը:«Ոլորտում կիրականացվեն նոր ներդրումներ, վաճառքը կնպաստի նոր, ժամանակակից սարքավորումների եւ տեխնիկայի ներդրմանը, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ կիրականացվի սոցիալական ծրագրեր աշխատողների համար»,- ասել է Արման Սահակյանը:Նա հավելել է, որ մասնավորեցումից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կվերածվի ազգաբնակչության համար «կայուն, վստահելի փոստային կապի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի ողջ տարածքում»:Մասնավորապես՝ նոր ներդրումների շնորհիվ ակնկալվում է ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացում, մինչեւ 250 փոստային բաժանմունքների վերանորոգում, շարժական փոստային մեքենաների ձեռքբերում, որոնցով կսպասարկվեն Հայաստանի բոլոր համայնքները՝ ներառյալ այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ ներկայումս չկան: Կթարմացվեն նաեւ տրանսպորտային միջոցները, փոստարկղեր կտեղադրվեն Հայաստանում գրանցված բոլոր 750 հազ. հասցեներում:Նշենք, որ «Հայփոստ»-ը ՀՀ փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորն է: 2006թ. այն հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2012թ. վերջինիս եւ ՀՀ գործադիրի միջեւ կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվել 2016թ.: Tweet Դիտում՝ 4776