Երեւանում ՎԶԵԲ-ն անցկացրել է «Բիզնես դիագնոստիկա» թեմայով դասընթաց

27.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 20-22-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության թիմի կողմից Երեւանում անցկացվել է «Բիզնես դիագնոստիկա» թեմայով դասընթաց, որին մասնակցել է 14 մասնագետ:

«Բիզնես դիագնոստիկա»-ն «Ընդլայնիր քո խորհրդատվական բիզնեսը» խորագրով 6 դասընթացներից 4-րդն է:

Եռօրյա դասընթացին մասնակցել են տեղական խորհրդատուներ եւ մենեջմենթի մասնագետներ: Դասընթացը վարել են Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) նախագահ Սամվել Գեւորգյանը եւ խորհրդի անդամ Մարինա Պողոսյանը:

«ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում փոքր բիզնեսի աջակցման միջոցառումների շրջանակում ՎԶԵԲ-ը կարեւորում է Հայաստանի խորհրդատվական շուկայի զարգացումը։ Այդ նպատակով մենք մշակել եւ 2012-ից իրականացնում ենք «Ընդլայնիր քո խորհրդատվական բիզնեսը» խորագրով 6 դասընթացից բաղկացած շարքը։ Մայիսի 20-22-ը կայացած թվով 4-րդ դասընթացը խթանում է հատկապես ՀՀ մարզերից խորհրդատուների, մասնավորապես` կին խորհրդատուների մասնակցությունը»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է ՎԶԵԲ փոքր բիզնեսի աջակցման խմբի ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը` ընդգծելով, որ դասընթացի 14 մասնակիցներից 8-ը կին են։

«Ծրագրի մասնակիցներից Ասյա Գալստյանը Գյումրիից է,- շարունակել է Տիգրան Աղաբեկյանը: -Նա մասնակցել է բոլոր 4 դասընթացներին։ Դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները եւ հմտությունները հաջողությամբ կիրառում է իր առօրյա աշխատանքում՝ հանդիսանալով ՎԶԵԲ փոքր բիզնեսի աջակցման խմբի կառավարման տեղեկատվական համակարգեր ներդրող խորհրդատուներից մեկը»:

«Իմ կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում, հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի հետ ենք աշխատում, տեղադրում ենք ավտոմատացված համակարգեր: Ինձ համար դասընթացը կարեւոր էր հատկապես նրանով, որ հասկանամ, թե կազմակերպության գործունեության որ մասն է ենթակա ավտոմատացման, ինչը կարելի է անել դիագնոստիկայի միջոցով: Դասընթացից տպավորությունները հիանալի են: Ստացանք նոր գիտելիքներ եւ մեզ հուզող հարցերին սպառիչ պատասխաններ, տիրապետեցինք նոր գործիքների: Մտադիր ենք այդ նոր գործիքներն օգտագործել աշխատանքում՝ հաճախորդների հետ շփումներում»,- ասել է Ասյա Գալստյանը:

IMC Armenia-ի խորհրդի անդամ, դասընթացի թրեյներ Մարինա Պողոսյանն էլ պատմել է, որ դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են դիագնոստիկայի ասպարեզում համաշխարհային վերջին միտումները եւ գործիքները:

«Երբ կառավարման խորհրդատուն մտնում է որեւէ ընկերություն՝ առկա խնդիրները լուծելու համար, առաջին հերթին պետք է հասկանա խնդիրը: Դիագնոստիկայի իրականացումն անհրաժեշտ է  հենց այդ նպատակով: Դասընթացի ընթացքում նաեւ իրական հաճախորդների ենք հրավիրել, որպեսզի խորհրդատուները հնարավորություն ունենան իրականում կիրառել իրենց հմտությունները: Ընձեռված հնարավորությունը խորհրդատուների կողմից շատ բարձր գնահատվեց: Իսկ երկրորդ օրը Skype-ի միջոցով իր փորձն ու հմտությունները մասնակիցներին Նյու Յորքից ներկայացրեց Թիմ Փաուելը, որը մենեջմենթի հետազոտություններով զբաղվող ամերիկյան The Knowledge Agency խորհրդատվական ընկերության նախագահն է: Դասընթացի բանախոսներից էր նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը»,- ասել է Մարինա Պողոսյանը:

Դիտում՝ 10719
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW