«Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը» (ՓՄՁ ԶԱԿ) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը, աջակցելու են Սյունիքի մարզի Տաթեւ եւ հարակից Տանձատափ, Սվարանց համայնքներում եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Երկու կազմակերպությունների միջեւ գործակցության մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը արտադրող խմբերին տրամադրելու է արտադրանքի մարկետինգային բազմակողմանի խորհրդատվություն եւ ոլորտային դասընթացներ: ՓՄՁ ԶԱԿ-ը USAID/PRP ծրագրի շրջանակում նաեւ Տաթեւի համայնքային խմբից ընտրված արտադրողներին տրամադրելու է ֆինանսական աջակցություն վարկային երաշխավորությունների եւ փոքրածավալ դրամաշնորհների (սարքավորումների տեսքով) միջոցով:Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ WWF-Գերմանիայի կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի շրջանակում WWF-Հայաստանը Տաթեւում կառուցելու է հավաքման կայան եւ այն կահավորելու է տեղական արտադրանքի չորացման, փաթեթավորման եւ պահպանման հավելյալ սարքավորումներ: Բացի այդ, WWF-Հայաստանը նաեւ իրականացնելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնություն՝ տեղեկատվական ցուցանակների, արահետների նշանների տեսքով: Tweet Դիտում՝ 10404