Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում տնտեսության 1.5% անկում է կանխատեսում, իսկ 2016թ.՝ 1% աճ: Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. մայիս 2015» կանխատեսման մեջ: Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին հրապարակված զեկույցում ՎԶԵԲ-ը 2015թ. Հայաստանում տնտեսության լճացում (ստագնացիա) էր կանխատեսել՝ 0% աճ: «Հայաստանի տնտեսության աճը դանդաղել է 2015թ. սկզբին՝ պայմանավորված դրամական փոխանցումների եւ արտահանման ծավալների կրճատմամբ: Իրական ՀՆԱ-ի աճը, ամենայն հավանականությամբ, 2015թ. կլինի բացասական: 2014թ. վերջին հայկական դրամը կտրուկ, սակայն սահուն արժեզրկումից հետո կայունացավ՝ դրամավարկային կայուն քաղաքականության եւ Կենտրոնական բանկի միջամտության շնորհիվ»,- ասված է ՎԶԵԲ-ի մայիսյան զեկույցում:Բանկում նշում են, որ չնայած 2015թ. մարտին ՀՀ-ի կողմից եվրոպարտատոմսերի հաջող թողարկմանը՝ նույն ամսվա վերջի տվյալներով՝ արտարժույթի պահուստները 25%-ով զիջում էին մեկ տարի առաջվա ցուցանիշին, որը համարժեք է ներմուծման 3.5 ամսվա ծավալին:Ինչ վերաբերում է 2016թ., ապա արագ տնտեսական վերականգնման հեռանկարները կախված կլինեն արտաքին միջավայրից՝ հատկապես Ռուսաստանից, նշում են ՎԶԵԲ-ում: Այս մասին օրերս Երեւանում տված ասուլիսի ընթացքում հայտարարել էր նաեւ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին: ՎԶԵԲ-ը վերանայել է նաեւ Ռուսաստանի տնտեսական անկման ցուցանիշը` այն բարելավելով 0.3 տոկոսային կետով. հունվարյան կանխատեսմամբ 2015թ. Ռուսաստանում տնտեսական անկումը կարող էր կազմել 4.8%, նոր կանխատեսմամբ` 4.5%: 2016թ. համար կանխատեսվել է 1,8% տնտեսական անկում: Բանկի փորձագետները Վրաստանում 2015թ. կանխատեսում են 2.3%, իսկ 2016թ.՝ 2.6% աճ: Ադրբեջանում 2015թ. եւ 2016թ. կանխատեսվում է 1,5%, իսկ Թուրքիայում՝ 3% աճ: Բելառուսում 2015թ. բանկը կանխատեսում է 2.5% անկում, իսկ 2016 թ.՝ 0% աճ: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա 2015թ. այստեղ կանխատեսվում է 7.5% անկում, իսկ 2016թ.` 3% աճ: ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի բացառիկ հարցազրույցը Banks.am-ի հետ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 5533