Մարկ Դեյվիս. 21 բանկը շատ է Հայաստանի համար

03.03.2015 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ի բացառիկ հարցազրույցը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի հետ:

- Պրն Դեյվիս, ՎԶԵԲ-ը վերջերս փոխել է 2015թ. համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 3.5%-ը, որը հնչեցվել էր դեռ 2014թ. սեպտեմբերին: Այս կանխատեսումը փոխարինվեց լճացման (ստագնացիա) կանխատեսմամբ: Ինչո՞վ էր դա պայմանավորված, եւ այս դեպքում  ի՞նչ նոր ռիսկեր են առաջանում Հայաստանի տնտեսության համար:

- Ընթացիկ տարում Հայաստանում 0% աճ ենք կանխատեսում, եւ առաջին հայացքից կարող է թվալ, թե ՎԶԵԲ-ը պակաս լավատես է, քան նմանատիպ զեկույցներով հանդես եկող միջազգային մյուս կազմակերպությունները: Պատճառը թերեւս այն ժամանակահատվածն էր, երբ հրապարակվեց մեր կանխատեսումը: Իմ կարծիքով՝ մյուս ֆինանսական կառույցների կանխատեսումների դեպքում եւս ժամանակի ընթացքում ցուցանիշների նվազում կնկատվի:

Փոքր եւ բաց տնտեսություն ունեցող Հայաստանը ենթակա է տարածաշրջանի տնտեսական մարտահրավերներին, որոնց կարող է հանդիպել 2015թ.: Սակայն նրա մակրո, հարկաբյուջետային եւ դրամավարկային շրջանակը լավ դիրքերում է՝ կառավարելու տնտեսական սթրեսը:  

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ականատես ենք եղել համեմատաբար ցածր դեֆիցիտով առողջ հարկաբյուջետային քաղաքականության: Պահուստները բավարար են շուրջ երեք ամսվա համար, բանկային համակարգն էլ լավ կապիտալացված է: Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել ինստիտուտների եւ քաղաքականության շրջանակի ուժեղացման հարցում, եւ այսպիսով կարող է օգտվել միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունից: Նաեւ 2013թ. նոյեմբերին Հայաստանը թողարկեց $700 մլն արժողությամբ եվրապարտատոմսեր, որոնք դրական արձագանք ստացան միջազգային շուկաներում: Ներդրողները, որոնք գնել են այդ պարտատոմսերը, շատ շուտով եկամուտ ստացան դրանց միաժամանակյա գնի աճի եւ եկամտաբերության նվազման շնորհիվ: Այսպիսով, նրանք իրենց լավ զգացին Հայաստանում ներդրում կատարելու որոշում կայացնելու առիթով:

Վերջերս, երբ ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ տարածաշրջանի բոլոր սուվերեն պարտատոմսերի գնի վրա, Հայաստանի պարտատոմսերն իրենց բավական լավ դրսեւորեցին: Եվ այժմ որոշակի վստահություն կա, որ եթե Հայաստանի ֆինանսների նախարարությունը ցանկանա, միջազգային շուկաներում կարելի է հավելյալ գործունեություն ծավալել ու հաջողության հասնել:

Սա ձեր տրամադրության տակ առկա լավ գործիք է, քանի որ կապիտալի այս ներհոսքը կարող է դառնալ ինչպես բյուջեի ֆինանսավորման լրացուցիչ գործիք, այնպես էլ պոտենցիալ խթան ԿԲ-ի պահուստների ավելացման համար:

- Խոսենք բանկերից: Նախ, պարզաբանեք, խնդրեմ, հայաստանյան ո՞ր բանկերում է ՎԶԵԲ-ն այսօր բաժնետեր: Մասնավորապես, տեղեկություն ունենք, որ ՎԶԵԲ-ն այլեւս ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերը չէ:

-Ներկայում մենք բաժնետեր ենք երեք բանկում՝ Արարատբանկ, Հայէկոնոմբանկ եւ Բիբլոս Բանկ Արմենիա:

Կարող եմ ասել, որ Հայաստանի բանկային համակարգը համեմատաբար առողջ է եւ ի զորու է դիմակայել սթրեսին: Բանկերը հիմնականում լավ կապիտալացված են՝ հաղթահարելու սթրեսը, որն առաջանում է փոխարժեքի ճնշումների եւ վարկային ռիսկերի հետեւանքով:

Ինչ վերաբերում է ՊրոԿրեդիտ Բանկ-ին, ճիշտ է, որ մենք այլեւս նրա բաժնետերը չենք: Ցանկանում եմ ասել, որ այս որոշումը կայացվել է ՊրոԿրեդիտ գլոբալ հոլդինգի եւ ՎԶԵԲ-ի միջեւ, եւ կապված չէ փոխարժեքի ներկայիս տատանումների հետ: Այս քայլը չպետք է ընկալել որպես Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի որակի որոշակի վատթարացման նշան: Սա ՊրոԿրեդիտ գլոբալ հոլդինգի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում առաջացած ռազմավարական որոշում էր: Իսկ Հայաստանի ՊրոԿրեդիտում ՎԶԵԲ-ի բաժնեմասը այդ գլոբալ որոշման միայն մի մասն էր:   

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ բանկերը 2 տարվա ընթացքում պետք է 6 անգամ ավելացնեն ընդհանուր կապիտալի չափը:

- Այս առումով երկու մտահոգություն կա, որոնք, իմ կարծիքով, անիմաստ են: Առաջինն այն է, որ սա կհանգեցնի մրցակցության նվազեցմանը, քանի որ կլինեն ավելի քիչ բանկեր: Իրականում՝ հակառակը: Բանկերի միավորումը կտանի դեպի ավելի քիչ, ուժեղ, արդյունավետ եւ փորձառու բանկերի գործունեությանը: Այդպիսի բանկերը կկարողանան ավելի էժան ֆինանսավորում գտնել, իրենց կապիտալի համեմատ ավելի քիչ վարչական ծախսեր իրականացնել, եւ բացի այդ՝ հաճախորդներին կկարողանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկել՝ ավելի երկար մարման ժամկետով: Զարգացումը նաեւ կնպաստի ավելի բարձրորակ վարկային պորտֆելի, շուկայական դիրքերի ավելի արդյունավետ մոնիտորինգի եւ վարկային նոր պրոդուկտների առաջացմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կընդարձակի հաճախորդների բազան եւ կնվազեցնի ռիսկերը:

Կարիք չկա ունենալու 21 բանկ՝ մրցակցություն ծավալելու համար, մասնավորապես՝ Հայաստանի մասշտաբի երկրի համար: Ավելի մեծ եւ լավ բանկերը կմրցեն միմյանց հետ եւ կնվազեցնեն փոխառության ծախսերը:

Շրջանառվող երկրորդ մտահոգութունն այն է, որ ԿԲ-ի որոշումը մասամբ նշանակում է, թե այն ընդունում է Հայաստանի բանկերի «թերի կապիտալացված» լինելը:

Սակայն դա այդպես չէ: ԿԲ-ն ասում է, որ բանկերը պետք է ունենան կապիտալի նվազագույն սահման, որպեսզի շարունակեն գործել: Դա նշանակում է, որ նրանք կարիք ունեն ավելի մեծանալու:

Այսպիսով, սահմանված նվազագույն կապիտալից ցածր մակարդակ ունեցող բանկերը ստիպված կլինեն կամ ավելի շատ սեփական կապիտալ ներդնել` ներքին ներուժով աճ ապահովելու համար, կամ էլ գնել կամ միաձուլվել այլ բանկերի հետ, վաճառվել մեկ այլ բանկի կամ լքել շուկան:   

Սա վերաբերում է կապիտալի նվազագույն ընդհանուր չափին, սակայն վերը նշված բոլոր դեպքերում, իհարկե՝ բացի բանկը փակելու դեպքից, բանկի հաշվեկշռի ակտիվների հատվածը եւս կաճի: Ռիսկով կշռված ակտիվների համեմատ նվազագույն պահուստային կապիտալի պահանջը բոլորովին այլ հայեցակարգ է, որին հայկական բանկերն արդեն իսկ համապատասխանում են, իսկ ԿԲ-ն միանշանակ պահանջելու է, որ սա բոլոր դեպքերում շարունակվի:

Բանկային համակարգի ամրապնդումը  վաղուց հասունացել է: 21 բանկը չափազանց շատ է Հայաստանի համար: Դա ստեղծում է պակաս արդյունավետություն, եւ  չի նպաստում զարգացմանը, հանգեցնում է վարկային պորտֆելի բարձր վարչական ծախսերի եւ բերում է բարձր տոկոսադրույքների պահպանմանը: Վերջիններս առավել ցածր կլինեին ավելի փոքրաքանակ, սակայն խոշոր ու լավ բանկերի դեպքում, որոնք ի վիճակի կլինեն ավելի ցածր ծախսատար ֆինանսավորում ստանալ (ներքին եւ արտաքին աղբյուրներից) եւ մրցել ավելի բարձրորակ վարկային պորտֆելներ ապահովելու համար: Բնականաբար, ակնկալվում է, որ ավանդները, իրենց հերթին, ավելի ապահով կլինեն:

- Ի՞նչ եք կարծում՝ մեր տնտեսությունը պատրաստ է կլանել այն ռեսուրսները, որոնք Հայաստան կմտնեն բանկերի կապիտալը համալրելու արդյունքում: Մասնավորապես մտավախություն կա, որ այդ միջոցները կարող են կա՛մ սառեցվել, կա՛մ հանգեցնել բանկային պրոդուկտների թանկացմանը:

- Կապիտալի ներհոսքի ավելացումը դեպի բանկային համակարգ պետք է ստեղծի ավելի շատ ռեսուրսներ բանկերի համար՝ ավելի քիչ ծախսատար փոխառություններ ապահովելու համար, ինչն իր հերթին ակնկալում է բանկային պրոդուկտների գների նվազում:

Այդ ներհոսքը դեպի Հայաստանի բանկային համակարգ հիմնականում լավ բան է, քանի որ ապացուցում է, որ Հայաստանը հրապուրիչ է միջազգային կապիտալի համար: Կապիտալի ներհոսքը ողջունելի պետք է լինի, քանի որ փոխհատուցում է երկրի առջեւ ծառացած սթրեսների մի մասը: Կարեւոր է այն, որ օտարերկրյա բանկային կապիտալն իր բնույթով երկարաժամկետ ներդրման տեսակ է:

Մեզ բոլորիս մտահոգում է կարճաժամկետ եւ ֆիքսված եկամտի գործիքներում ներդրված գումարը (որի համար ներդրողները փնտրում են կարճաժամկետ առավելագույն եկամուտ), որը կարող է հեշտությամբ դուրս բերվել ֆինանսական ցնցման դեպքում: Մինչ օրս Հայաստանում չի եղել նմանատիպ գումարների ներհոսք, ինչը ֆինանսական ցնցման պայմաններում նպաստում է կայունության ապահովմանը:

Ես կասեի, որ 2013թ. եվրապարտատոմսերի թողարկումը «տեղեկատվության փոխանցման մեխանիզմի» լավ օրինակ է: Հայաստանն այժմ մի շարք միջազգային ներդրողների «ռադարային էկրանին» է, եւ նրանցից յուրաքանչյուրը Հայաստանը վերլուծող մասնագետի կարիք ունի: Եթե ներդրողը, անկախ նրանից՝ բանկ է, թե հեջ-ֆոնդ, ընկալի Հայաստանի մակրոֆինանսական պատկերը եւ այն հարմար գտնի, ապա ավելի հավանական է, որ նա կկատարի նաեւ այլ տեսակի ներդրումներ, եւ Հայաստանի մասին կպատմի այլ ներդրողների` վերջիններիս խորհուրդ տալով նկատի ունենալ այդ հնարավորությունը:

- Ինչպե՞ս եք գնահատում ՎԶԵԲ-ի ներկայիս մասնակցությունը տնտեսության իրական հատվածում, եւ կա՞ն արդյոք նոր մտահաղացումներ այս ուղղությամբ:

- 2014-ը մեզ համար լավ տարի էր: Մենք Հայաստանին տրամադրել ենք €114 մլն-ի չափով փոխառություններ, ինչը ներառում է 18 գործարք: Դա Հայաստանում ՎԶԵԲ-ի համար ռեկորդային ցուցանիշ է. պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան €872 մլն, իսկ այս պահին առկա պորտֆելը`շուրջ €320 մլն:

Մենք գրանցել ենք առեւտրի ֆինանսավորման կտրուկ աճ, բազմաթիվ դասընթացներ ու աշխատանքներ ենք իրականացրել գործընկեր բանկերի հետ եւ ակնկալում ենք ներքին առեւտրի ֆինանսավորման աճ: Շարունակում ենք աշխատել քաղաքային եւ բնապահպանական ենթակառուցվածքների ներդրումների ուղղությամբ, որոնք հիմնականում ապահովված են սուվերեն երաշխիքներով եւ ներառում են զգալի դրամաշնորհային ռեսուրսներ ԵՄ-ից եւ միջազգային այլ դոնորներից: 2014թ. վերջին Կոտայքի մարզին տրամադրեցինք կոշտ թափոնների կառավարման առաջին վարկը:

Ինչ վերաբերում է մասնավոր ոլորտի ներդրումներին, առաջընթաց ենք գրանցել մեր գործընկեր բանկերի հետ համաֆինանսավորման պայմանավորվածություններում` հաճախորդներին զուգահեռ վարկեր տրամադրելու շուրջ:

Նաեւ շարունակում ենք վարկեր տրամադրել արտադրական ոլորտի ընկերություններին եւ մի քանի գործարքներ ենք իրականացրել գյուղատնտեսական ու սննդի վերամշակման ոլորտներում:  

Մենք բանկ ենք, մենք շահույթ ենք ստանում եւ շարունակելու ենք դա, սակայն յուրաքանչյուր գործարք դիտարկում ենք որպես հնարավորություն եւ պահանջ՝ իրականացնելու նորարարություն եւ նպաստելու զարգացմանը: Մեր դռները բաց են նոր հաճախորդների համար, եւ մենք անհամբերությամբ ենք սպասում յուրաքանչյուր գործարքի. պատրաստ ենք օգնել մասնավոր հատվածին աճել եւ ավելի բազմազան դառնալ:

Մենք տեխնիկական աջակցություն ենք տրամադրում մասնավոր հատվածին, եւ օգնում մեր հաճախորդներին: Օրինակ, «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ համագործակցությունը դրա լավ օրինակն է: 10 տարի առաջ ենք սկսել համագործակցել: Այն փոքր, սակայն դինամիկ դեղագործական արտադրող է, որն առաջինն է Հայաստանում ստացել Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) հավաստագիր: Դա նշանակում է, որ ընկերությունը հնարավորություն ունի ՊԱԳ հավաստագիր ստանալ նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Եվրոպայից: Սա մեծ առաջընթաց է, քանի որ թույլ կտա արտադրել եւ դեպի Եվրոպա, ինչպես նաեւ Եվրոպայի սահմաններից դուրս արտահանել դեղագործական ապրանքներ`բավական լավ ծախսային առավելությամբ եւ մարժաներով:

Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչի ենք ցանկանում հասնել Հայաստանում:

- Եվ վերջում՝ կարո՞ղ եք մանրամասներ փոխանցել դեռեւս ամռանն արված հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ «առաջիկայում ՎԶԵԲ-ը կհաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը»:

-Անհամբերությամբ ենք սպասում 2015-2019 թթ. նոր ռազմավարությանը, որը ակնկալում ենք, որ կհաստատվի ՎԶԵԲ-ի խորհրդի կողմից 2015թ. հուլիսին:

ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, հաճախորդների, այլ դոնորների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների հետ երկխոսությունն օգնեց մեզ որոշակիացնել մեր ռազմավարությունը այս ժամանակահատվածում:

Ռազմավարությունը դեռ քննարկումների փուլում է, սակայն այն կկենտրոնանա 3 հիմնական ուղղությունների վրա:

Առաջին ուղղությունը Հայաստանի ֆինանսական եւ մասնավոր հատվածների զարգացումն է, միեւնույն ժամանակ՝ բիզնես միջավայրի բարելավումը:

Երկրորդ ուղղությունը լոկալ կապիտալի շուկաների զարգացմանն աջակցությունն է: Սա կարեւոր է նրանով, որ ՎԶԵԲ-ն ընդամենը երկրորդ անգամ է այս ուղղությունը դիտարկում որպես երկրի ռազմավարության առանձին ուղղություն: Առաջին անգամ է, որ դա արվում է Հայաստանի պես փոքր երկրի դեպքում:  

Երրորդ՝ կենտրոնանալու ենք հանրային ծառայությունների մատուցման բարելավման ուղղությամբ՝ սոցիալական կայուն ենթակառուցվածքային ներդրումների միջոցով, որին ավելի մեծ չափով մասնակցելու է մասնավոր հատվածը:

Մենք բարձրորակ նախագծերի լավ պաշար ունենք՝ համաձայնեցված բազմաթիվ կառավարական գործակալությունների, քաղաքապետարանների հետ՝ որպես թիրախ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը եւ բարելավված ծառայությունների մատուցումը ջրի, կոշտ թափոնների, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:

Մարկ Դեւիսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 26784
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai