Արարատբանկը ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է ՀՀ ամենաակտիվ թողարկող բանկը

14.05.2015 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ, EBRD) կողմից ճանաչվել է «2014թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»՝ Միջազգային առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում:

Թբիլիսիում ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում ընթացող առեւտրի ֆինանսավորման համաժողովի ժամանակ մրցանակը հանձնվել է Արարատբանկի պատվիրակությանը, որը գլխավորել են բանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը  եւ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Արարատբանկում նշում են, որ TFP Award մրցանակին բանկն արժանանում է չորրորդ անգամ:

Եվրոբանկի ավագ մասնագետ Կամոլա Մահմուդովան ասել է, որ բանկն ակտիվորեն մասնակցում է ՎԶԵԲ-ի բոլոր ծրագրերին, «մասնավորապես մեծ ձեռքբերումներ ունի կադրերի որակավորման ուղղությամբ իրականացված ծրագրերում, ինչով եւ պայմանավորված են նման հաջողությունները»:

Աշոտ Օսիպյանի խոսքով՝ այս մրցանակը որակի նշան է եւ պարտավորեցնող գնահատական: Կարեւորելով ՎԶԵԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը` Արարատբանկի վարչության նախագահը նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը վկայում է, որ բանկը զարգանում է ճիշտ ուղղությամբ, եւ բանկի մատուցած ծառայությունները համապատասխանում են ՎԶԵԲ-ի պահանջներին:

«2007-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ բանկն իր հաճախորդներին առեւտրի ֆինանսավորման գործիքներից առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվներ եւ երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչեւ 4%»,- ասված է հաղորդագրությունում:

Արարատբանկը, ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առեւտրի խթանման   ծրագիրը (TFP), 2010-ից ներդրել է մեկ այլ գործիք եւս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչեւ 7%:

2014թ. Արարատբանկը, ընդհանուր առմամբ, իրականացրել է շուրջ $47 մլն-ի փաստաթղթային գործարքներ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 52%-ով:

Դիտում՝ 3497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW