Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին ասել է, որ 2014 թվականը ՀՀ-ում կատարած ներդրումների առումով ռեկորդային էր` 18 ծրագրում ներդրվել է €114 մլն:Սումա Չակրաբարտին այս մասին հայտարարել է նախօրեին` ՎԶԵԲ-ի երեւանյան նոր գրասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը: «Մեծ հաջողությունների ենք հասել առեւտրի խթանման եւ փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման ոլորտում: Մեր ծրագրային փաթեթն ակտիվ առաջ ենք տանում»,- ասել է նա՝ մատնանշելով Երեւանում քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման (€4 մլն) եւ Մետրոպոլիտենում դրաժենային թունելի վերակառուցման ու վագոնների հետագա բարելավման ծրագրին բանկի աջակցությունը:Սումա Չակրաբարտիի բնորոշմամբ՝ ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի հարաբերությունները կարեւոր հանգուցակետում են: «Հայաստանի համար զարգացման նոր ծրագիր ենք մշակում, հուսով եմ, որ այն բանկի տնօրենների խորհրդի կողմից կհաստատվի սեպտեմբերին: Դա կլինի երեք ուղղություններով: Առաջինը ներդրումային միջավայրի բարելավումն է, երկրորդը` կապիտալի շուկայի զարգացումն ու ազգային արժույթով վարկավորման հնարավորությունների ընձեռումը, երրորդը` կայուն հանրային ծառայությունների հատվածին օժանդակությունը»,- մանրամասնել է Սումա Չակրաբարտին:Անդրադառնալով 2015թ. ներդրումներին` նա ասել է, որ ՎԶԵԲ-ը կենտրոնանում է մասնավոր հատվածի վրա եւ կոնկրետ թիրախ չի սահմանում:«Եթե պահանջ եւ առաջարկություններ լինեն, կքննարկենք: Լավ նորությունն այն է, որ բավական պահուստ ունենք ներդրումների համար: Միաժամանակ, նախատեսում ենք, որ հայկական բանկերի կոնսոլիդացման գործընթացում կկարողանանք բաժնեմասերի, ինչպես նաեւ պարտքերի ձեռքերման հարցում մասնակցել»,- ասել է ՎԶԵԲ նախագահը:Նրա խոսքով` բանկը ներդրումներ կկատարի կոշտ թափոնների կառավարման, տրոլեյբուսային համակարգի ոլորտներում: Նա ցանկություն է հայտնել նաեւ, որ ՎԶԵԲ-ը ներդրումներ կատարի Հայաստանի ու Վրաստանի միջեւ կապուղիների բարելավման գործում: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է գրավիչ ներդրումային միջավայր ունենալը: Այս առումով նա կարեւորել է անկախ բիզնես օմբուդսմենի ինստիտուտի հիմնումը Հայաստանում: Tweet Դիտում՝ 2503