ՀՀ Կենսաթոշակային համակարգը 165 հազ. քաղաքացու ներկայացրել է կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:Այս մասին այսօր ասել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ հաշվետվություններն ուղարկվել են այն մասնակիցներին, որոնց կուտակային հաշվի վրա փոփոխություններ են կատարվել: Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝ անցած տարվա ընթացքում մասնակցի կողմից կատարված սոցիալական վճարների, պետության կողմից կատարված հատկացումների եւ դրանց կառավարման արդյունքների մասին: «Մասնավորապես՝ տեղեկություն մասնակցի հաշվին կատարված կուտակումների չափի, դրանց հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, կենսաթոշակային ֆոնդի փայերի հետ կապված գործարքների, կենսաթոշակային ֆոնդի փայերի հաշվարկային արժեքի վերաբերյալ»,- ասել է նա:Տիգրան Պետրոսյանը հավելել է, որ մասնակիցներն առաջին անգամ են ստանում հաշվետվությունը տպագիր տարբերակով՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարիներին մասնակիցն ինքը պետք է դիմի հաշվի օպերատորներին՝ այն ստանալու համար:Նա հիշեցրել է, որ 2014թ. ֆոնդի փայերի հետ կապված գործարքները եղել են միայն ձեռքբերման մասով, իսկ 2015-ից սկսած կլինեն նաեւ փայերի մարման գործարքներ: Tweet Դիտում՝ 4042