ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցությունից հետո ալյուրի շուկայում նոր մրցակիցներ են ի հայտ եկել, եւ գնանկում է արձանագրվել:Այս մասին Արտակ Շաբոյանն ասել է Աստանայում՝ ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպմանը:Նրա խոսքով՝ եթե նախորդ տարեվերջին բարձրակարգ ալյուրի 1 կգ-ի գինը կազմել է 280 դրամ, ապա այսօր այն վաճառվում է 208 դրամով: Ըստ Արտակ Շաբոյանի՝ ալյուրի գնի նվազումը կազմում է մինչեւ 25%՝ հաշվի առնելով նաեւ դրամ-դոլար փոխարժեքի տատանումները:«Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով ալյուրի գները ՌԴ-ում նվազել են: Հայտնի է, որ մեր երկիրը ցորենի հիմնական ներկրումներն իրականացնում է Ռուսաստանից: Սակայն վերջերս շուկայում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, որոնք զբաղվում են պատրաստի ալյուրի ներմուծմամբ, ինչը նրանց համար առավել շահավետ է: Իհարկե, դրական առումով շուկայի վրա մեծապես ազդել է նաեւ այն, որ տարեսկզբից հանդիսանում ենք ԵՏՄ անդամ եւ ապրանքների ներմուծումն ու արտահանումը իրականացվում է պարզեցված ընթացակարգով»,- ասել է Արտակ Շաբոյանը: Նշենք, որ ԵՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակում: Tweet Դիտում՝ 3144