«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով՝ դեղերի գները պետական կարգավորում կստանան:Համապատասխան կարգավորումն ընդգրկված է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծում, որը, ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, կներկացվի օրենսդիր մարմնին: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ օրենսդրական համապատասխան փոփոխությունները բխում են միջազգային պատշաճ դեղագործական գործունեություն իրականացնելու պահանջից:«1998թ. ընդունված օրենքը եւ դրանից բխող այլ իրավական ակտերն ու որոշումները չեն համապատասխանում ներկայիս միջազգային ստանդարտներին, հետեւաբար, որոշվել է ամբողջությամբ նոր օրենք հիմնել, որի բեկումնային կետը կլինի դեղերի գների պետական կարգավորումը»,- ասել է նախարարը:Նա նշել է, որ օրենքի միանգամայն նոր խմբագրմամբ կլուծվեն դեղերի գրանցման եւ վերագրանցման հետ կապված խնդիրները: Նոր օրենքով նախատեսվում են նաեւ հստակեցումներ դեղերի հետկանչի վերաբերյալ, որի համաձայն՝ համապատասխան ժամկետում եւ պայմաններով դեղերի հետկանչը չիրականացնելու դեպքում նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-600-ապատիկի չափով:Անդրադառնալով հարցին, թե հանրապետությունում մի շարք դեղերի բացակայություն է նկատվում, նախարարը նշել է, որ առանձին հիվանդների կամ կոնկրետ դեղերի պահանջի դեպքում նախարարությանը կարող է հայտ ներկայացվել, որով էլ քայլեր կձեռնարկվեն դրանց հասանելիությունն ապահովելու համար: Tweet Դիտում՝ 19289