Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է գործել

02.03.2015 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է ապահովագրական ծառայությունների մատուցումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ դիմելով գործակալությանը՝ արտահանողները հնարավորություն կստանան պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԱԱԳ ԱՓԲԸ) հիմնադրվել է 2013թ. հոկտեմբերի վերջին` ՀՀ կառավարության որոշմամբ, որպես ՀՀ-ում արտահանման խթանման արդյունավետ գործիք:

Գործակալության հիմնական գործառույթը ՀՀ ռեզիդենտ փոքր եւ միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրությունն է այն դեպքերից, երբ օտարերկրյա գնորդն արտահանման պայմանագրով սահմանված տարաժամկետ վճարման ժամկետում չի կատարում առաքված ապրանքի դիմաց վճարման իր պարտավորությունները՝ պայմանավորված հետեւյալ ռիսկերով.

- Առեւտրային ռիսկ՝ գնորդի սնանկություն (անվճարունակություն) կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում,

- Քաղաքական ռիսկ՝ առեւտրի կամ բանկային փոխանցումների սահմանափակման, արժույթի փոխարկման արգելքի կամ սահմանափակման, բնական աղետների, պատերազմական եւ այլ քաղաքական իրադարձությունների հետեւանքով վճարման անհնարինություն:

Արտահանման ապահովագրության հիմնական պայմաններն են.

- Արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետ` 1-6 ամիս,

- Ապահովագրական գումարի արժույթ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի,

- Ապահովագրական ծածկույթի սահմանաչափ` արտահանման ապահովագրության  պայմանագրի արժեքի մինչեւ 85-90%-ը,

- Ապահովագրավճար՝ արտահանման գործարքի արժեքի 0.3%-1.1%՝ կախված ապահովագրության ժամկետից եւ արտահանման երկրից:

Գործակալությունը  գործունեության նախապատրաստական փուլում իրականացրել է ծառայությունների մշակման, անձնակազմի վերապատրաստման, ռիսկերի վերլուծության եւ կառավարման համակարգերի ներդրման, միջազգային փորձի ուսումնասիրության, անհրաժեշտ կապերի հաստատման եւ այլ աշխատանքներ:

Այժմ արդեն գործակալությունը պատրաստ է սկսել ապահովագրական ծառայությունների մատուցումը: Դիմելով ՀԱԱԳ` արտահանողները հնարավորություն կստանան նաեւ ապահովագրության պայմանագրի ներքո արտոնյալ պայմաններով օգտվել պետական եւ այլ ծրագրերով առաջարկվող ֆինանսավորման հնարավորություններից:

ՀԱԱԳ-ը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություն է՝ ավելի քան 2 մլրդ դրամ կապիտալով։ Ընկերությունն իրականացնում է ստանձնած ռիսկերի վերաապահովագրություն բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեղինակություն վայելող Swiss Reinsurance Company Ltd. վերաապահովագրական ընկերության միջոցով։

Դիտում՝ 6250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW