ԿԲ-ի որոշումն ուղղված չէ որեւէ բանկի փակմանը. հայտարարություն

27.02.2015 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) որոշումն ուղղված չէ որեւէ բանկի փակմանը կամ բանկերի քանակի նվազեցմանը:

Այս մասին ասված է ՀՀ ԿԲ-ի տարածած հայտարարությունում:

«Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ ԿԲ-ի կողմից առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

ԿԲ-ում նշել են, որ այս որոշման նպատակը երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումն է, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը եւ ֆինանսական միջնորդության խորացումը:

«Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, եւ արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առեւտրային բանկերի սեփականատերերի եւ ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել եւ արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

ԿԲ-ն ընդգծել է, որ գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որեւէ մտահոգություն ինքը չունի:

«Հայաստանի բանկային համակարգը կայուն է եւ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն եւ բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից այլ բան պետք չէ ակնկալեն»,- վստահեցրել են ԿԲ-ում:

Դիտում՝ 3095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW