Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Արա Նռանյանը բարձր է գնահատում հայկական ապրանքների հեռանկարները ԵՏՄ-ի շուկայում: Ինչպես հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Արա Նռանյանն այդ մասին ասել է Մոսկվայում փետրվարի 9-13-ն անցկացվող «Պրոդէքսպո-2015» ցուցահանդեսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հարցերին: Արա Նռանյանը, մասնավորապես, պատմել է այն հնարավորությունների մասին, որ հայ արտադրողները ձեռք են բերել ԵՏՄ-ին միանալուց հետո, ինչպես նաեւ ապրանքների մաքսային ձեւակերպման նոր կարգի, ապրանքների հավաստագրման նորմերի, ալկոհոլի ակցիզային քաղաքականության մասին եւ այլն: «Ես շատ բարձր եմ գնահատում հայկական ապրանքների հեռանկարները ԵՏՄ-ի շուկաներում եւ, հատկապես, Ռուսաստանում, որտեղ սպառողները շատ լավ են վերաբերվում հայկական ապրանքներին՝ գնահատելով դրանց որակը: Եթե նախկինում արտահանման ընդլայնումը խոչընդոտում էին տարբեր հանգամանքներ, ապա Հայաստանի՝ ԵՏՄ մուտք գործելուց հետո դրանք նվազագույնի կհասցվեն: Մոտակա ժամանակում կմեկնարկեն Հայաստանում արտադրված մսամթերքի ուղիղ արտահանումները ռուսական շուկա: Արդեն իսկ կան համապատասխան համաձայնագրեր: Բելառուսի հետ եւս Հայաստանն արդեն առեւտրային որոշ կապեր է հաստատել: Ղազախստանի հետ դրանք ավելի թույլ են, բայց վստահ եմ, որ այսուհետ կապերն ամրապնդվելու են ԵՏՄ բոլոր երկրների հետ»,- ասել է նա: Արա Նռանյանի խոսքով՝ Հայաստանի ու ԵՏՄ պետությունների միջեւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժման ազատության ոլորտում մի շարք կարգեր պարզեցվել են: «Դեռ բոլորը չէ, որ հասկանում են դա, քանի որ ընթանում է նոր իրողություններին հարմարվելու շրջանը՝ ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ պետական մարմինների շրջանում, որոնք պետք է կարգավորեն իրենց աշխատանքը նոր կանոններին ու նորմերին համապատասխան»,- ասել է Արա Նռանյանը: Tweet Դիտում՝ 10315