Եվրամիությունը շուրջ €77.5 մլն (44 մլրդ դրամ) կտրամադրի Հայաստանի զարգացմանը եւ բարեփոխումներին:Ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությանն այսօր ՀՀ կառավարությունում ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:ԵՄ տրամադրած միջոցներն ուղղվելու են գյուղատնտեսությանը եւ գյուղական համայնքների զարգացմանը՝ €25 մլն, տարածքային զարգացմանը՝ €10 մլն, հակակոռուպցիոն եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին՝ €21 մլն, սահմանների կառավարմանը եւ միգրացիային՝ €4 մլն:Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (€6 մլն) եւ կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը:Երեւանի մետրոյի համակարգի վերանորոգմանը կտրամադրվի €5 մլն, մայրաքաղաքում ջրամատակարարման ցանցի վերազինմանը՝ €5.5 մլն: ԵՄ-ն €1 մլն-ով կաջակցի նաեւ միջուկային անվտանգությանը:Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջիկայում կընդլայնվեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները:«Մենք ցանկանում ենք պահպանել ԵՄ-ի հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը իր հերթին նշել է, որ այս զգալի աջակցությունը նկատելի արդյունքների կհանգեցնի առաջիկա տարիների ընթացքում: Tweet Դիտում՝ 1793