Հայաստանի մսամթերք արտադրող ընկերությունները, տարեցտարի ընդլայնելով իրենց արտադրական հզորությունները, կարող են 2015-2017 թ.թ. արտահանվող մսամթերքի ծավալը 496 տոննայից հասցնել մինչեւ 3 հազ. տոննայի՝ ապահովելով լրացուցիչ $12-13 մլն արտահանման ծավալների աճ: Այս մասին է վկայում «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության «ՀՀ մսամթերքի արտադրության եւ արտահանման աճի հնարավորությունները» թեմայով հետազոտությունը, համաձայն որի՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունը հայկական արտադրության մսամթերքը կդարձնի ավելի մրցունակ ՌԴ շուկայում: Հետազոտության նպատակն է ներկայացնել ՀՀ մսամթերքի շուկայի ներկա վիճակը, ինչպես նաեւ զարգացման հնարավորությունները՝ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ եւ այդ ֆոնի վրա ՌԴ-ի կողմից ՀՀ-ից մսամթերքի ներմուծման սահմանափակումները մեղմելու վերաբերյալ վերջերս ընդունված որոշմամբ ու դրանից բխող հետևանքներով: Մասնավորապես, 2014 թ.-նի նոյեմբերի 12-ից Հայաստանի մսամթերք վերամշակող 11 ընկերություններ հնարավորություն են ստացել իրականացնելու գառան, խոզի, տավարի եւ հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում Ռուսաստան: ՀՀ մսամթերքի շուկայի միս վերամշակող ձեռնարկություններն իրենց արտադրանքը ներկայում իրացնում են ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում, հիմնականում՝ Վրաստանում եւ Թուրքմենստանում, որոշակի քանակություն արտահանվում է նաեւ Բելառուս, իսկ 2013 թ.-ին 2 տոննա մսամթերք արտահանվել է նաեւ Շվեյցարիա:«Վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, ՌԴ նախագահի հրամանով եւ կառավարության որոշմամբ, մեկ տարի ժամկետով արգելվել է մսամթերքի ներմուծումը ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, ԵՄ-ից եւ Ուկրաինայից: Հաշվի առնելով, որ դեպի ՌԴ ներմուծման ծավալներում այդ երկրների մասնաբաժինը մոտ 50 տոկոս է՝ կարելի է ենթադրել, որ ազատված մասնաբաժինը կստեղծի լայն հնարավորություն ինչպես շուկայի առկա խաղացողներին ընդլայնվելու, այնպես էլ նոր խաղացողների ի հայտ գալու համար: Այսպիսով, նոր հնարավորություններ կստեղծվեն թե տեղական արտադրողների համար, եւ թե այլ երկրների արտահանողների համար»,- նշված է հետազոտությունում:Ընկերության կարծիքով, ռուսաստանյան շուկա հայ արտադրողների մուտքն իր հերթին առաջ կբերի որոշակի ռիսկեր՝ կապված թե՛ հայ արտադրողների կարողությունների, թե՛ ռուսական շուկայում հայրենական արտադրանքի նկատմամբ պահանջարկի առումով: Բացի այդ, ներկայիս աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումների լույսի ներքո, նկատվում է ռուսական ռուբլու արժեզրկում՝ կարճաժամկետ վայրիվերումներով, որն ապագայի նկատմամբ անորոշությունների պատճառ կարող է հանդիսանալ: Չնայած այդ ռիսկերին՝ մասնագետների կարծիքով, հայաստանյան արտահանողներն ունեն մի շարք մրցակցային առավելություններ ռուսաստանյան շուկան գրավելու համար: Բացի այն, որ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ մսամթերք արտադրողներին ազատում է մաքսատուրք վճարելուց, այն սահմանում է նաեւ նոր մաքսատուրքեր ոչ ԵՏՄ անդամ երկրներից այլ ապրանքներ ներմուծելու դեպքում: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի արտադրողներն իրենց արտադրությունում օգտագործում են ներմուծված հումք՝ միս: Համաձայն ԵՏՄ սակագների՝ ՌԴ-ն միս է ներմուծելու 15 % մաքսատուրքով, իսկ ՀՀ-ն, մինչեւ 2017 թվականը, 10 % մաքսատուրքով: Այսինքն՝ Հայաստանի արտադրողներն ավելի ցածր ինքնարժեք կարող են ապահովել եւ ավելի ցածր գին առաջարկել ՌԴ շուկայում, քան տեղական արտադրողները: Ինչ վերաբերում է տրանսպորտային ծախսերին, որոնք եւս ինքնարժեքի մի մասն են կազմում, ապա հաշվի առնելով ՌԴ տարածքի մեծությունը՝ ՌԴ արտադրողների համար տրանսպորտային ծախսերը կլինեն մոտավորապես միեւնույն մակարդակի վրա ինչպես եւ հայ արտադրողներինը:Հայաստանի միս վերամշակող մի քանի ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում միս վերամշակող կազմակերպությունները լրացուցիչ կապիտալ ներդրումների կարիք ունեն ՌԴ շուկա մուտք գործելու համար: Չնայած նրան, որ կան չօգտագործված արտադրական հզորություններ՝ անհրաժեշտ է նոր կապիտալ ներդրումներ կատարել թողարկվող արտադրանքի որակը բարելավելու նպատակով: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել առաջարկվող տեսականին, ուժեղացնել նաեւ մարքեթինգային ներուժը:«Հայաստանի միս արտադրողների մուտքը ՌԴ շուկա առավել համակարգված կազմակերպելու եւ ոլորտի շահերը համատեղ ներկայացնելու նպատակով ստեղծվել է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, որի կարեւորագույն առաքելությունն է աջակցել ՀՀ մսամթերք արտադրողներին արտաքին շուկաներում կայուն դիրք գրավելու նպատակով: Առաջին հերթին, սա ենթադրում է մարքեթինգային ներուժի խմբավորում, ՌԴ շուկայի համատեղ ուժերով ուսումնասիրություն, մսամթերքի վաճառքի մանրածախ մարմինների հետ բանակցում, մսամթերքի տեղափոխման անհրաժեշտ պայմանների ստեղծում և այլն: Հաշվի առնելով, որ ՌԴ-ն պարբերաբար վերանայում է դեպի ՌԴ ներմուծվող մսամթերքի արտադրողների նկատմամբ որակական եւ տեխնիկական պահանջները, ինչպես նաեւ այն, որ ՀՀ-ից մսամթերքի ներմուծումը դեպի ՌԴ նախկինում մի քանի անգամ արգելվել է (ինչպես օրինակ 2007 թ-ին)՝ պետք է ի նկատի ունենալ, որ այդ արգելքը կարող է նորից կիրառվել: Այդ պատճառով պետք է կանխել ՀՀ մսամթերք արտադրողների կողմից արտահանման ծավալների ուժեղ կախվածությունը ՌԴ շուկայից՝ դիվերսիֆիկացնելով արտահանման ուղղությունները եւ նոր շուկաներ գտնելով: Անհրաժեշտ է Հայաստանի մսամթերք արտադրողների նորաստեղծ միության գործունեությունը հստակ պլանավորել եւ վերջինիս օրակարգում ներառել արտահանման նոր ուղղությունների բացահայտումը՝ ուսումնասիրելով այլ երկրներում մսամթերքի շուկաները», - նշված է «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2416