ՖԻՆՔԱ-ն ընդլայնում է համագործակցությունը IFC-ի հետ
18.11.2014 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությանը տրամադրել է $3 մլն վարկ՝ միկրո եւ փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները ընդլայնելու նպատակով:
ՀՀ դրամով տրամադրվող վարկի շնորհիվ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն կավելացնի ցածր եկամուտ ունեցող ձեռներեցներին տրամադրվող վարկավորման ծավալները, իսկ մարզերում կազմակերպության մասնաճյուղերի ցանցը հասանելի կդարձնի վարկավորումը անգամ հեռավոր գյուղական համայնքներին:
IFC-ն եւ ՖԻՆՔԱ-ն կնքել են նաեւ Սվոպերի եւ դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ՍԴՄԱ) գլխավոր համաձայնագիրը , որը թույլ կտա ՖԻՆՔԱ-ին նվազեցնել արտարժութային ռիսկերը եւ աջակցել վարկառուներին առավել արդյունավետ կառավարել հիմնական ազգային արժույթով իրականացվող իրենց ֆինանսական գործունեությունը:
ՍԴՄԱ համաձայնագիրը առաջինն է Հայաստանում, որը IFC-ն կնքել է ոչ բանկային կազմակերպության հետ:
«Վարկավորման հասանելիությունը համարում ենք Հայաստանում փոքր ձեռնարկատիրության հիմնական խնդիրներից մեկը, իսկ ՖԻՆՔԱ-ի հետ համագործակցությունը նպատակ ունի ավելացնել հայ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի ծավալները, եւ նպաստել մասնավոր հատվածի կյանքի պայմանների բարելավմանը եւ աղքատության նվազեցմանը»,- նշել է IFC-ի Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ֆինանսական հաստատությունների խմբի ծրագրերի ղեկավար Մանուել Ռեյես Ռեթանան` հավելելով, որ IFC-ի վարկային պորտֆելը Հայաստանում կազմում է $125 մլն, իսկ ներդրումներ արվել են շուրջ 50 ծրագրերում:
«Սա IFC-ի կողմից ՖԻՆՔԱ-ին տրամադրված երկրորդ վարկն է, ինչը թույլ կտա ազգային արժույթով տրամադրվող վարկերի միջոցով բարելավել հազարավոր փոքր ձեռնարկատերերի կենսամակարդակը: Այս վարկի շրջանակում փորձում ենք հայթայթած ռեսուրսները տեղաբաշխել շատ հաճախորդների միջեւ՝ սահմանափակելով վերին շեմը: Օրինակ, 2 մլն դրամից ավելի արժողությամբ վարկեր չենք տրամադրում, չնայած դրանց պահանջարկն առկա է, այդպիսով փորձելով գումարից բաժին հանել հնարավորինս շատ հաճախորդների: Որքան վարկի գումարը փոքր է, այնքան տոկոսադրույքը բարձր է: Բայց ընդհանուր տոկոսադրույքը՝ կախված պրոդուկտից, շատ մոտ է բանկային տոկոսադրույքներին: Վարկի նոմինալ տոկոսադրույքը չի կարող գերազանցել 24%-ը եւ դա սահմանափակվում է օրենքով»,- ասել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
ՀՀ ազգային արժույթով առաջին վարկը ($4 մլն) IFC-ն ՖԻՆՔԱ-ին տրամադրել է դեռեւս 2013 թ-ին, ինչը հնարավորություն է տվել վարկավորել ավելի քան 3 հազ. հաճախորդի, որոնց 40%-ը կազմել են կին ձեռնարկատերերը:
Վերջին լուրեր
07.01.2025 | 17:13 Ֆինտեխ
07.01.2025 | 09:00 Հոդվածներ
Համաշխարհային տնտեսության ելակետային սցենարը 2025 թվականի համար
30.12.2024 | 18:40 Նորություններ
30.12.2024 | 14:16 Նորություններ
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն եւ կայունություն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: