Հոկտեմբերի 25-ին կկայանա ոսկերչական ազատ տնտեսական գոտու բացումը, որի արդյունքում ակնկալվում է շուրջ 1000 նոր աշխատատեղերի բացում 100-ից ավելի ընկերություններ ներկայացնող ոսկերիչների եւ ադամանդագործների համար: Այս մասին այսօր հայտարարել է «Մերիդիան» հոլդինգի ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովան: «Այս պահին ունենք թվով 12 համագործակցության համաձայնագրեր, որոնցից 7-ը, մեր կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ կդառնան գործող արտադրություններ»,- նշել է նա: Հոկտեմբերի 25-ից 28-ը Երեւանում «Մերիդիան» էքսպո կենտրոնում կկայանա «Yerevan Show 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսը, որի կազմակերպիչը Հայ ոսկերիչների համաշխարհային միությունն է (AJA): «Ամեն տարի «Yerevan Show» էքսպոն ընդլայնում է աշխարհագրությունը եւ գնորդների քանակը: Այս տարի կհյուրընկալենք 27 երկրների ոսկերչական եւ ժամագործական ավելի քան 100 ընկերությունների, որոնցից 22-ը տեղական ընկերություններ են: Նախատեսվում է էքսպոյի օրերին նաեւ ունենալ մոտ 200 արտասահմանցի գնորդ»,- ասել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը: Նրա խոսքով, իրենց հիմնական նպատակն է զեղչերի եւ այլ միջոցներով խթանել ցուցահանդեսին տեղական ընկերությունների մասնակցությունը: Էքսպոյի շրջանակներում հոկտեմբերի 27-ին կկայանա «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» տարածաշրջանային համաժողովը, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ՝ ոսկեգործության եւ ադամանդագործության ուղղություններով: Համաժողովի կազմակերպիչներն են Արդյունաբերության զարգացման հիմնադրամը՝ AJA-ի հետ համատեղ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին եւ արտասահմանյան այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում հոկտեմբերի 24-26-ը առաջին անգամ կկազմակերպվի նաեւ «Մերիդիան» եւ «Ատեքս» նորաձեւության կենտրոնների համատեղ «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձեւության շաբաթը: Դրա նպատակն է հնարավորություն ընձեռել հայ եւ արտասահմանցի դիզայներներին տարին առնվազն մեկ անգամ հանրությանը եւ գնորդներին ներկայացնել իրենց հավաքածուները՝ խթանելով Հայաստանում տեքստիլ արդյունաբերության այդ ճյուղի զարգացմանը: Իսկ «Armenian Art Fair» հայ գեղանկարիչների ցուցահանդեսն էլ իր դռները կբացի հոկտեմբերի 24-ից 28-ը՝ ներկայացնելով ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների շուրջ 120 աշխատանքներ: Tweet Դիտում՝ 1839