Երեւանի 2796-ամյակի առթիվ այսօր բացվել է «Պանարմենիան էքսպո 2014» ցուցահանդեսը:Միջազգային ցուցահանդեսի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժն ու խթանել այլ երկրների միջեւ ներդրումային ծրագրերի իրականացումը, ստեղծել գործարար հարթակ Սփյուռքի հետ՝ տնտեսական, մշակութային եւ գիտատեխնիկական ուղղություններով: «Պանարմենիան էքսպո 2014» ցուցահանդեսին մասնակցում են 120 կազմակերպություններ՝ Հայաստանից, ՌԴ-ից, Չինաստանից, Իրանից, Վրաստանից եւ մի շարք այլ երկրներից: Այն կազմակերպվել է ՀՀ արդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության եւ «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ քաղաքապետարանը կարեւորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, հավելելով, որ այս անգամ ներկայացված են ներդրումային ծրագրերի փաթեթներ, որոնք կարող են հետաքրքրել էքսպոյի մասնակից հնարավոր ներդրողներին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերն ու մասնակիցները շրջել են տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին: Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների համար եւ կգործի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Tweet Դիտում՝ 2399