ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հովանավոր: Համագործակցության շրջանակներում Գյումրիում այսօր կայացել է ընկերական հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների եւ «Շիրակ» ակումբի միջեւ: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ «Շիրակի»:«Շիրակ» ակումբի անդամ Աղվան Դավոյանի փոխանցմամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցում են մոտ մեկ ամիս, ինչի արդյունքում նոր համազգեստի վրա տեսանելի է բանկի տարբերանշանը:«Հույս ունեմ, որ այս համագործակցությունը մեր ակումբին նոր հաջողություններ կբերի եւ երկար կտեւի»,- ասել է ֆուտբոլիստը: Խոսելով ընկերական հանդիպման մասին` նա նշել է, որ «այն կարեւոր է համագործակցության մերձեցման համար»: ՎՏԲ-Հայաստան Բանկի Փոքր բիզնեսի վարչության ղեկավար Խաչիկ Ներկարարյանը, ով նաեւ բանկի ֆուտբոլային թիմի խաղացող է, նշել է, որ մեծ ուրախությամբ են սկսել համագործակցությունը «Շիրակ» ակումբի հետ:«Մենք ֆուտբոլի մեծ երկրպագու ենք եւ բանկային համակարգում ունենք բավական մրցունակ թիմ, որը բազմիցս մասնակցում է տարբեր մրցումների եւ գրավում բարձր դիրքեր, իսկ «Շիրակը» մեր առաջնության բարձրագույն խմբի լավագույն թիմերից է: Մեզ համար մեծ պատիվ էր ընկերական խաղ անցկացնել «Շիրակի» տղաների հետ: Իհարկե, դժվար էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ խաղալը, բայց, կարծում եմ, խաղը ստացվեց»,- ասել է նա:«ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվորեն օժանդակում է մասսայական եւ պրոֆեսիոնալ սպորտին: Աջակցելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբին` մենք մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի ուժեղ թիմերից մեկի զարգացման գործում: «Շիրակին» մաղթում եմ նոր հաղթանակներ եւ իր առջեւ դրվելիք սպորտային խնդիրների հաջող իրագործում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Մենք շատ ուրախ ենք համագործակցել ՎՏԲ –Հայաստան Բանկի հետ: ՎՏԲ խումբը աշխարհում ֆուտբոլի ակտիվ գործընկերն է: Համոզված եմ, որ այս համագործակցությունը կօգնի «Շիրակին» հասնել զարգացման նոր մակարդակի: Բանկի հետ միասին մենք հաջողության կհասնենք»,- ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:«Շիրակ» ակումբը հիմնվել է 1958 թ-ին Գյումրիում: Այն միակ թիմն է, որ մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի բոլոր առաջնություններին: “Շիրակը” Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1999, 2012-2013թթ), 2011 եւ 2012թթ. արժանացել է Հայաստանի գավաթին, 1996, 1999, 2003 եւ 2013 թթ.-ին` Հայաստանի սուպերգավաթին: ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմը ստեղծվել է 2009 թ-ին: Թիմում ներգրավված են բանկի տարբեր բաժինների աշխատակիցներ: 2011 թ-ին այն հաղթել է բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջեւ անցկացված մինի-ֆուտբոլի 10-րդ մրցաշարում: 2013-ին թիմը դարձել է Հայաստանում անցկացված «Panini Cup»-ի եւ «Ararat 73 Cup»-ի հաղթող: Բանկի թիմը մասնացել է նաեւ այլ մրցումների: Tweet Դիտում՝ 5731