Բիթքոին օգտագործողը՝ «ընդհատակյա» փողի մասին

01.08.2014 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բիթքոին էլեկտրոնային արժույթի առեղծվածի մասին Banks.am-ն արդեն պատմել է: «Ընդհատակյա»  փողի  հանդեպ հետաքրքրությունն ու հակասական պատմությունները շարունակում են մնալ միջազգային ֆինանսական հանրության ուշադրության կենտրոնում, մինչդեռ Հայաստանում քչերն են տեղյակ նրա գոյության մասին:

Օրերս Մարտակերտում կայացած BarCamp Արցախ 2014-ի ժամանակ ապակենտրոնացված էլեկտրոնային արժույթի` բիթքոինի մասին շնորհանդես-ելույթ է ունեցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ինֆորմացիոն անվտանգության մասնագետ Մեսրոպ Պապիկյանը, ով, ի դեպ, ունի սեփական բիթքոին դրամապանակը:

Banks.am-ը որոշ գրառումներ է կատարել նրա ելույթից, որը ներկայացնում ենք ստորեւ:

***

Բիթքոինն  օգտագործողին տալիս է էլեկտրոնային արժույթը կառավարելու հնարավորություն, ինչի արդյունքում բացառվում է այլ ֆինանսական ինստիտուտների առկայությունը գործարք կատարողների միջև:

Բիթքոինի հեղինակ Սաթոշի Նակոմոտոն այն ստեղծել է կրիպտոանարխիզմի գաղափարով եւ համակարգը դրել է MIT լիցենզիայի տակ, որով ցանկացած մարդ կարող է կոդ վերցնել, գործողություն, փոփոխություն անել եւ օգտագործել այն իր նպատակների համար: Երբ ստեղծվեց բիթքոին հանրությունը, մարդիկ հետաքրքրվեցին ու սկսեցին ակտիվ տարածել այն: Բիթքոինի բոլոր օգտագործողներն ունեն հավասար իրավունքներ, այստեղ բացակայում է ղեկավար մարմինը:  

Բիթքոինը ստեղծվում է հատուկ բանաձեւով, երբ օգտատերն իր համակարգչի կամ սերվերների հզորությունն օգտագործում է ցանցի անվտանգությունն ապահովելու համար, որի դիմաց 10 րոպեն մեկ որոշակի քանակությամբ բիթքոին է ստեղծվում:
 
***

Բիթքոինի առանձնահատկություններից մեկը դեֆլյացիոն մոդելով աշխատելն է: Այն ունի էմիսիոն սահմանափակում. 21 մլն բիթքոինից ավել չի կարող շրջանառվել: Միեւնույն ժամանակ, 21 մլն  ծավալը հատելուց հետո բիթքոինը շարունակելու է  «ապրել»: Մեխանիզմն այնպես է ստեղծված, որ սահմանաչափի հատումը կլինի 140 տարի հետո: Դրանից հետո էմիսիա անողները գումար են աշխատելու տրանզակցիաների հաստատմամբ, որը 0.01-0,02 % տոկոսադրույք կպահանջի, իսկ, օրինակ, Յունիստթրիմ համակարգով փոխանցում անելու համար գումարի 1 տոկոսն  է պահվում:

Բիթքոինը թույլ է տալիս օգտագործողին նաեւ գաղտնի մնալ` իր հաշվի միջոցով կատարել ցանկացած  ֆինանսական գործարք`առանց բացահայտելու իր ով լինելը: Բիթքոին միջոցները պահպանվում են այն օգտագործողի համակարգչի մեջ կամ էլեկտրոնային կրիչի վրա, յուրաքանչյուր  օգտագործողի մոտ կա տեղեկություն բոլոր փոխանցումների վերաբերյալ:

***

Ապակենտրոնացված թվային արժույթ ստեղծելու հիմնական գաղափարն անվտանգությունն է. այս կերպ խոցելիությունը նվազում է:

Կան պատմություններ, երբ բիթքոինը մարդուն միլիոնատեր է դարձրել եւ հակառակը: Եթե բոլորը սկսեն օգտագործել այն, բիթքոինի ռիսկերը կնվազեն: Իր մեխանիզմով բիթքոինը որեւէ օրենք չի խախտում:

Բիթքոինի փոխարժեքը տատանողական է, ինչը պայմանավորված է գաղափարի նոր լինելով: Ներկայիս փոխարժեքով մեկ բիթքոինը մոտ $600 է, իսկ մոտ մեկ տարի առաջ այն եղել է $1000-ից ավել:

***

Բիթքոինի թերություններից մեկը դրա անվերադարձելիությունն է: Օրինակ, եթե բիթքոինով սխալ փոխանցում է կատարվել, ապա այլեւս գումարն օգտատիրոջը հետ չի վերադարձվի: Կամ եթե օգտատերը կորցրել է իր կրիչը, ապա կորցնում է իր բիթքոինները:

***

Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր փոքր չափով բիթքոին են ձեռք բերել, սակայն դրա տարածումը կարեւոր է: Մեզանում էլեկտրոնային դրամն այնքան էլ տարածված եւ ընդունված չէ: Օրինակ` Կանադայում կան բանկոմատներ, որոնց միջոցով կարող ես բիթքոինով փող ստանալ, Լոնդոնում` սրճարաններ, որտեղ հնարավոր է հաշիվը փակել բիթքոին արժույթով: Այն թույլ է տալիս նաեւ օնլայն գնումներ կատարել, կան ծառայություններ որոնք թույլ են տալիս PayPal-ի հաշվի միջոցով բիթքոիններ գնել, բիթքոինի հետ համագործակցում է նաեւ Master Card-ը:

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Դիտում՝ 4468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai