Coworking office. այլընտրանք դասական գրասենյակին

17.02.2014 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գրասենյակային տարածքի վարձակալության դասական եղանակն ենթադրում է որոշակի տարածքի վարձակալություն եւ դրա դիմաց  ֆիքսված ամսավճար` անկախ նրանից, թե ամսվա ընթացքում փաստացի որքան է օգտագործվել տվյալ տարածքը: Դրա հետ մեկտեղ, ժամանակակից բիզնես աշխարհն առաջարկում է գրասենյակային աշխատանքի կազմակերպման այլընտրանք` coworking office:

Քովորքինգը աշխատանքի կազմակերպման համեմատաբար նոր մոդել է, որն ենթադրում է   անհրաժեշտ գույքով եւ տեխնիկայով հագեցած աշխատանքային ընդհանուր տարածք, որտեղ իրարից անկախ աշխատում են առանձին  կազմակերպություններ ներկայացնող եւ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ: Դասական քովորքինգի հիմքում ընկած է բազմաշերտ ստեղծագործական եւ փոխօգնության միջավայրի ստեղծում, երբ տարբեր մասնագետներ անմիջական շփման արդյունքում կարող են միմյանց հաղորդել նորարական մտքեր եւ դրական լիցքեր: Քովորքինգ գրասենյակների թիրախային սպառողներ են հանդիսանում փոքր կազմակերպություններ, ստարտափներ եւ ֆրիլանսերներ:

Քովորքինգ գրասենյակները սկիզբ են առել ԱՄՆ-ից, այնուհետեւ լայն տարածում ստացել Արեւմտյան Եվրոպայում եւ աշխարհի շատ այլ երկրներում: Երեւանում առաջին քովորքինգ գրասենյակը հիմնվել է 2010 թվականին գործարար Ալբերտ Պողոսյանի կողմից: Banks.am-ի հետ զրույցում նա նշել է, որ շատ է կարեւորում է քովորքինգ գրասենյակների դերը Հայաստանում ստարտափների գործունեության խթանման տեսանկյունից:

«Չնայած մեր գրասենյակը գործել է 4 ամիս, ես վստահ եմ, որ քովորքինգ գրասենյակները մեզանում ունեն զարգացման եւ շահավետ լինելու մեծ ներուժ»,-ասել է Ալբերտ Պողոսյանը:

Երեւանում  մեզ հաջողվեց գտնել գործող երկու քովորքինգ գրասենյակներ` «CoWork office» եւ «SaryanTumanyan»: Վերջինիս ներկայացուցիչները հրաժարվեցին զրուցել մեզ հետ` պատճառաբանելով, որ «իրենք դեռեւս շատ երիտասարդ կազմակերպություն են»:

Հայկական քովորքինգի առանձնահատկությունների մասին Banks.am-ին պատմել  է  «Cowork office»-ի հիմնադիր Մհեր Աբրահամյանը:

«Հայաֆիկացված» քովորքինգ

Մհեր Աբրահամյանի կարծիքով, դասական (ամերիկյան) քովորքինգը Հայաստանում հաջողությամբ չի գործի` պայմանավորված հայկական հոգեկերտվածքի (մենթալիտետի) առանձնահատկություններով: «Կարծում եմ, քովորքինգի գաղափարն ընդհանուր առմամբ խորթ է մեր ազգային հոգեբանությանը, քանի որ մենք մի կողմից չունենք թիմային աշխատանքի հակում, մյուս կողմից՝ մեզ բնորոշ է սեփականություն ունենալու արտահայտված ձգտումը: Քովորքինգի հայ սպառողներին հուզող կարեւոր խնդիրներից է նաեւ իրենց պատկանող իրերի  (համակարգչային ֆայլեր, աշխատանքային առարկաներ) անվտանգությունը: Հետեւաբար, մեր թիմը մշակել է դասական քովորքինգի որոշակիորեն մոդիֆիկացված տարբերակ` փորձելով այն համապատասխանեցնել հայկական յուրահատկություններին»,- նշել է «CoWork office»-ի հիմնադիրը:

Ի տարբերություն ամերիկյան քովորքինգի, «CoWork Office»-ում աշխատանքային տարածքը կոնկրետ ժամանակահատվածով տրվում է միայն մեկ մասնակցի` կազմակերպության, ստեղծագործական խմբի կամ անհատի: Մասնակիցը վճարում է միայն այն ժամերի դիմաց, երբ փաստացի օգտագործել է գրասենյակը: Վարձավճարի մեծությունը կախված է նաեւ վարձակալվող տարածքի մակերեսից եւ տրամադրվող համակարգիչների թվից:

«Ճկուն դարձնելով ժամանակային գործոնը` մենք ազատում ենք մասնակիցներին ավելորդ եւ չհիմնավորված ծախսերից: «CoWork Office»-ում ներառված կազմակերպությունները կամ անհատները մնում են բացարձակ անկախ, կարող են տրամադրված գրասենյակային միջավայրը լիարժեք որպես իրենց գրասենյակ ներկայացնել`այստեղ անցկացնելով հանդիպումներ ու ժողովներ, իսկ երբեմն էլ ՝ հետաքրքիր համատեղ ծրագրեր մշակվել: Հավելեմ նաեւ, որ «CoWork office»-ը տրամադրում է խորհրդատվական աջակցություն մասնակից կազմակերպություններին»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Հայաստանում որպես  քովորքինգի զարգացման գլխավոր նախապայման Մհեր Աբրահամյանը դիտարկում է բուն երեւույթի համբավի բարձրացումը: «Զուտ ծախսային արդյունավետության տեսանկյունից դիտարկվելու պարագայում քովորքինգը մեր երկրում հազիվ թե զարգանա: Կարծում եմ, պետք է շեշտը դնել բրենդինգի եւ ճիշտ մարքեթինգի վրա, որպեսզի քովորքինգի մասնակից լինելը համարվի պատվաբեր: Չէի ցանկանա, որ քովորքի հայ մասնակիցների միակ մոտիվացիան լիներ գրասենյակի մատչելիությունը, քանի որ քովորքինգն ունի մի շարք այլ առավելություններ»։

Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է մեր զրուցակիցը, 2012 թ-ի «Global Coworking Survey» հարցումների արդյունքներով` քովորքինգի մասնակիցների մոտ գրանցվում է 75% աշխատանքի արտադրողականության եւ 40% դրամական եկամտի աճ: «Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ քովորքինգ գրասենյակները, որպես կանոն, գտնվում են տրանսպորտային եւ կոմունիկացիոն կապուղիների հանգույցում («CoWork office»-ը գտնվում է «Մամուլի» շենքում): Հիմնական առավելություններից մեկն էլ նյութական եւ մարդկային ռեսուրսների հասանելիությունն է. քովորքինգի մասնակիցներն ունեն տարբեր մասնագիտություններ, եւ աշխատանքային նույն միջավայրում  կարելի է հանդիպել վեբ-դիզայների, լրագրողի կամ իրավաբանի»,- եզրափակել է Մհեր Աբրահամյանը:

Շուշան Մարգարյան՝ հատուկ Banks.am-ի համար:

Դիտում՝ 5433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW