Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ եւ առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երեւանում կմասնակցի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը եւ գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպական միությունը։ Գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաեւ ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի եւ Ղազախստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի» իրականացման մաս է: Նա կմասնակցի նաեւ ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին: Գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մասնավորապես նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ ՀՀ փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանին եւ Տիգրան Խաչատրյանին։ Նախատեսվում են հանդիպումներ Մոլդովայի փոխվարչապետ Դումիտրու Ալաիբայի եւ Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար տիկին Ռանիա Ալ-Մաշաթի հետ: Tweet Դիտում՝ 1246