Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը ներկայացրել է մանրամասներ:- Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:- Կապիտալի շուկաները, նրանցում կատարվող շարժերը, դրանց միտումներն էական փոխադարձ ազդեցություն ունեն առանձին երկրների տնտեսությունների եւ համաշխարհային տնտեսության վրա: Ընդհանրապես տնտեսության զարգացմանը համընթաց ձեւավորվող կամ եթե կուզեք «արտադրվող» հարստությունը տնօրինման եւ կառավարման կարիք ունի, ինչը լայն իմաստով ֆինանսական ինդուստրիայի կառավարման օբյեկտ է: Այդ հարստությունը հոսում է կապիտալի շուկաներ, ձեւավորում դրանց հիմնաքարերը, թելադրում առաջընթացի իր կանոնները: Ընդ որում, ավելի լայն համատեքստում կապիտալի շուկաների վրա են ազդում ոչ միայն մեծ տնտեսությունների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունների կուրսը, այլեւ՝ աշխարհաքաղաքական կարեւոր իրադարձությունները: Նման իրադարձությունների պակաս չունենք, ուստի շատ ենք կարեւորում կապիտալի շուկաների վերլուծումը դրանցում տեղի ունեցող շարժերը հասկանալու եւ որոշակի կանխատեսումներ անելու նպատակով:- Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի կապիտալի շուկան: Որո՞նք են հիմնական մարտահրավերները, ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում: - Հայաստանում կապիտալի շուկան նոր ձեւավորվող ու զարգացող ինստիտուտ է՝ զարգացման ուրույն հնարավորություններով եւ մարտահրավերներով, ինչպիսիք են ֆինանսական շուկայում գործիքների, ինչպես նաեւ արժեթուղթ թողարկողների սակավություն, կապիտալի շուկաներ մուտք գործելու թույլ արտահայտված ցանկություն, ներդրումային սահմանափակ հնարավորություններ եւ այլն: Ներկայում ավելի արագ զարգանում է դրամական եւ պարտքային արժեթղթերի շուկան, որի հիմնական մասնակիցները ֆինանսական հաստատություններն են՝ բանկերը: Կան նաեւ սակավաթիվ բաժնային արժեթղթերի թողարկողներ, որոնց մասնակցությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ անկյունաքարային ազդեցություն են ունենալու հետագա զարգացման ընթացքի վրա: Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, կարծում եմ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը կախված է լինելու նոր թողարկողների եւ թողարկումների քանակային շեշտակի ավելացումից, եւ թե ինչպես կստացվի այդ ընկերություններին կապիտալի շուկաներ բերելու գործընթացը:Նախադրյալները արդեն ստեղծվում են. հայտնվել են նոր մասնակիցներ, կա կապիտալի շուկայի պրոդուկտների ստեղծման, գործարկման որոշակի պահանջարկ, ներդրումային բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություններ եւ այդ ուղղություններով ձեռնարկված ակտիվ քայլեր:- Ինչպե՞ս կազդի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ տնտեսության վրա:- Եթե շատ կարճ ձեւակերպենք, ապա պետք է նկատի ունենալ, որ առանց տվյալ ինստիտուտի կայացման տնտեսության համակողմանի կայուն զարգացումը դժվար պատկերացնելի է: Այն իրացվելիության, երկար փողերի, տնտեսության տարբեր ռիսկային պրոֆիլներ ունեցող ոլորտներում ռեսուրսների ներգրավման անփոխարինելի աղբյուր է, հատկապես կապիտալատար ձեռնարկությունների համար: Կապիտալի շուկան պետության տնտեսական հիմնասյուներից մեկն է, ուստի դրա կայացումը եւ ինտեգրումը գլոբալ շուկաներին Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար բիզնեսի զարգացման լայն հնարավորությունների հարթակ է: - Ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի քաղաքականությունը այս հարցում:- Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը, մենք նույնպես կիսում ենք կապիտալի շուկան կայացնելու եւ զարգացնելու պատասխանատվությունը: Ներկա փուլում տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում ենք արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխումների իրականացման գործընթացում, հանդես ենք գալիս որպես տարբեր արժեթղթերի շուկա ստեղծող, ձեւավորում արժեթղթերում ներդրումներ կատարելու թվային ենթակառուցվածքներ եւ այլն: - Ի՞նչ ակնկալիք ունեք պանելային քննարկումից:- Հաշվի առնելով ընդգրկված փորձագետների շրջանակը՝ մեզ սպասվում է հետաքրքիր եւ արդյունավետ աշխատանք, որի ընթացքում քննարկվելու ոչ միայն Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող հարցեր, այլեւ՝ կապիտալի շուկայի զարգացման, մարտահրավերների հաղթահարման միջազգային փորձը: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3910