Առցանց կրթություն. կոտրելով դիպլոմի բարդույթը

30.08.2013 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Կրթություն բոլորի համար», - այս կարգախոսն է դրված զանգվածային բաց առցանց դասընթացների՝ MOOC (Massive Open Online Courses) ստեղծման հիմքում: The New York Times-ը 2012 թվականը անվանեց «MOOC-երի տարի», քանի որ հենց 2012 թվականին իրենց գործունեությունը սկսեցին անվճար կրթություն առաջարկող լավագույն հարթակները՝  «Udacity»-ին, «EdX»-ը եւ «Coursera»-ն:

Վերջինս, թերեւս ամենահաջողվածն է: Այսօր այն ունի ավելի քան 4 մլն ուսանողներ աշխարհի 195 երկրներից, որոնց 40 տոկոսը զարգացող երկրներից են: «Coursera»-ն առաջարկում է 421 տարբեր դասընթացներ 83 համալսարանների կողմից՝ 7 լեզուներով: Համագործակցող ուսումնական հաստատությունների թվում են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Կոլումբիայի, Դյուկի, Փենսիլվանիայի, Մյունխենի, Յելի, Ստենֆորդի համալսարանները: Առարկաների ընտրանին մեծ է ՝ մաթեմատիկայից եւ տնտեսագիտությունից մինչեւ հումանիտար գիտություններ:

Մասնակցությունը դասընթացին հնարավորություն է ընձեռում ունկնդրին լսել ձայնագրված դասախոսությունները, կարդալ հանձնարարվող գրականությունը, որը տրամադրվում է էլեկտրոնային տարբերակով՝ անվճար: Ողջ դասընթացի ընթացքում հանձնարարվում են առաջադրանքներ, որոնց կատարման համար սահմանվում է վերջնաժամկետ: «Coursera»-ի դասընթացներից որեւէ մեկին գրանցվելուց հետո հնարավոր է դառնալ տարաբնույթ ֆորումների անդամ եւ միանալ ուսանողների կողմից արդեն ստեղծված խմբերից որեւէ մեկին: Դրանց միջոցով կարելի է ծանոթանալ «համակուրսեցիների» հետ, միասին քննարկել դասախոսությունները կամ ցանկացած այլ թեմա։ Դասընթացի վերջում անհրաժեշտ է հանձնել առցանց թեստ-քննություն, որն ընդգրկում է ողջ դասընթացի ընթացքում ներկայացված նյութը: Քննությունը բարեհաջող հանձնելուց հետո տրվում է վկայական։

Հայաստանում առցանց դասընթացների տարածվածությունը դեռեւս մեծ չէ, սակայն «Coursera»-ի հայկական համայնքում այսօր արդեն ընդգրկված են 210 տարբեր մասնագիտություններ ունեցող «ուսանողներ»: Նրանից մեկը Հայաստանի Ամերիկյան համալսարանի MBA ուսանող Դիանա Ասրյանն է: Նրա խոսքերով, այս դասընթացները հնարավորություն են տալիս առանց ֆինանսական միջոցների ներդրման տեսնել ու մասնակից լինել առաջատար բիզնես-դպրոցների կողմից կազմակերպվող դասընթացներին ու սեմինարներին, որոնց մասին մինչ այդ պատկերացնելն անգամ բարդ էր:

Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ակտուար-մեթոդաբան Լիլիթ Խաչատրյանը մեր հետ զրույցում նշել է.

«Համալսարանում ստացած գիտելիքը իրական շուկայի պատկերից տարբերվում է ու կարելի է ասել, որ մենք պրակտիկ գիտելիք չենք ստանում: MOOC-երի որոշ մասը կարողանում է վեր հանել պրակտիկ խնդիրները եւ դրանց շուրջ տարածվել: Վերջիններս ունեն մեկ այլ առավելություն եւս. առաջարկվող թեմաներից մենք ընտրում ենք նրանք, որոնք մեզ փաստացի կա´մ հետաքրքիր են, կա´մ գործի մեջ անհրաժեշտ»:

MOOC-երի դերը եւ նշանակությունը գնահատելով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպեց երկու տեղեկատվական սեմինարներ, որոնք վարում էին ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից է եւ «Coursera»-ի հայկական համայնքի անդամ Ջեմմա Սաֆարյանը:

«Առաջին անգամ լսեցի զանգվածային բաց առցանց դասընթացների մասին Ֆեյսբուքի միջոցով: Ինքս մասնակցեցի եւ իրականում այնքան էի ոգեւորված դասընթացներով, որ սկսեցի տարբեր հետազոտություններ անել առցանց դասերի վերաբերյալ եւ հետեւել բոլոր նորություններին այս ոլորտում: Արդյունքում ԱՄՆ դեսպանատան հետ որոշեցինք կազմակերպել տեղեկատվական սեմինարների շարք», - պատմել է նա:

Նրա խոսքերով, սեմինարները կրելու են շարունակական բնույթ եւ ունենալու են ավելի մեծ ընդգրկվածություն:

MOOC-երի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաեւ ՀՀ-ում «Ցկյանս ուսումնառության լիգայի» համակարգող Էդիթ Սողոմոնյանը, ով առաջին անգամ զանգվածային բաց դասընթացի գաղափարին ծանոթացել է Լոնդոնի համալսարանի «Կրթության ինստիտուտում» ուսանելիս:

«Կարծում եմ, MOOC-երի հաջողության գրավականը մասնակից  համալսարանների բարձր հեղինակությունն է, ինչպես նաեւ շնորհվող կրեդիտները կամ սերտիֆիկատները, որոնք աշխատաշուկայում ունեն իրական ազդեցություն: Ցավում  եմ, որ ՀՀ բուհերը բնավ չեն շտապում մասնակից դառնալ MOOC-երի հայալեզու դասընթացների ստեղծմանը: Այնուամենայնիվ, ժամանակակից կրթական աշխարհը փորձում է ջարդել «դիպլոմի բարդույթը»՝ ուշադրություն դարձնելով հմտությունների եւ կարողությունների զարգացմանը: Եթե բուհական կրթությունը չի կարող ապահովել գործնական հմտությունները, MOOC-երը, եւ առհասարակ էլ. ուսուցումը, կարող են լրացնել այդ բացը: MOOC-երը մեծ մարտահրավեր են նետում բուհերին՝ վերջիններիս ստիպելով մտահոգվել կրթական որակի եւ շարունակականության ապահովմամբ, ինչու չէ, նաեւ կրթության վարձերի խնդրի վերանայմամբ»,-նշել է Էդիթ Սողոմոնյանը:

Որպես վերջաբան

Ինքս, մասնակցելով «Coursera»-ի կողմից առաջարկվող երկու դասընթացների` «Միկրոէկոնոմիկայի սկզբունքներ» եւ «Մրցակցային ռազմավարություն», կարող եմ ասել, որ բաց առցանց դասընթացները, անշուշտ, ունեն նաեւ թերություններ: Նման զանգվածային դասընթացներում տեխնիկական խոտանները բացառություն չեն կազմում: Բազմամիլիոնանոց կրթական հարթակներ կառավարելու համար անհրաժեշտ են զգալի տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներ: Իսկ MOOC-երի անվճար լինելը երբեմն կազմակերպությանը թույլ չի տալիս «զինվել» այդ ծավալի  ռեսուրսներով: Չի կարելի նաեւ անտեսել այն փաստը, որ այսօր գործող MOOC-երի իշխող մեծամասնությունը անգլիալեզու է, հետեւաբար մեր երկրում դրանք ծառայում են միայն օտար լեզուներին տիրապետող անհատների գիտելիքի բացը լրացնելուն:
MOOC-երը դեռեւս ավանդական կրթությանը փոխարինել չեն կարող, սակայն կարող են ծառայել այն ավելի արդյունավետ դարձնելու գործում: Համալսարանները կարող են օգտագործել MOOC-երի հարթակը ծախսերը կրճատելու եւ աշխատող ուսանողներին ներգրավելու նպատակով: MOOC-երը վերափոխում են ավանդական կրթությունը` թեեւ  դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Եվ գուցե սա կրթության մեջ սպասված հեղափոխության սկիզբն է, որից հետո կրթությունը իրավամբ կդառնա իրավունք, այլ ոչ արտոնություն:

Շուշան Մարգարյան

Դիտում՝ 5690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai